Վրաստանի ՆԳՆ-ն Ուկրաինայի 6 քաղաքացու ձերբակալման հատուկ գործողության վերաբերյալ մանրամասներ է հրապարակել

11:22 • 03.12.18

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հատուկ գործողություն է անցկացրել Թբիլիսիի «Գուրու» և «Ալյանս» հյուրանոցներում: Ձերբակալվել է Ուկրաինայի 6 և Վրաստանի 1 քաղաքացի, գրում է Грузия Online տեղեկատվա-վերլուծական հարթակը:


Հյուրանոցային համարներում խուզարկության ընթացքում առգրավվել են հրազենային ատրճանակներ, ինքնաշեն զենքեր և տարբեր տեսակի զինամթերք. այս մասին տեղեկանում ենք Վրաստանի ներքին գործերի նախարարության տարածած հայտարարությունից:


Այս փուլում հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ մասերով՝ մի խումբ անձանց կողմից հրազենի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի անօրինական ձեռքբերման և պահպանման վերաբերյալ:


Ուկրաինայի և Վրաստանի քաղաքացիները Վրաստան են ժամանել նոյեմբերի 27-ին: Քննվում են անձանց՝ Վրաստան ժամանելու կոնկրետ նպատակները: Ներքին գործերի նախարարությունը և Պետական անվտանգության ծառայությունը փորձում են հասկանալ, թե արդյոք ձերբակալվածները կապ ունեն երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների հետ:


«Հանրությանն այդ մասին լրացուցիչ կտեղեկացվի», - ասված է հայտարարության մեջ: