Ամերիկացի սենատորները պահանջում են պատասխանատվության ենթարկել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնին՝ լրագրող Խաշոգջիի սպանության համար
Ամերիկացի մի շարք սենատորներ Սենատ են ներկայացրել բանաձևի նախագիծ, որով պահանջում են պատասխանատվության ենթարկել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամադ բին Սալման ալ Սաուդին՝ համարելով նրան ընդդիմադիր սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գլխավոր պատասխանատուն:
Ավելի վաղ ամերիկացի սենատորները Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջինա Հասփելից սաուդցի ընդդիմադիր լրագրողի սպանության սկանդալային դեպքի վերաբերյալ ստացած գաղտնի տեղեկությունների վերլուծությունից հետո հայտարարել էին, որ The Washington Post-ի սյունակագրի սպանության պատվիրատուն հենց արքայազն Մուհամադ բին Սալմանն է:
Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, բանաձևի նախագիծը մշակել ու ներկայացրել են Դեմոկրատական ու Հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչները, որոնց գլխավորել է հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը: Փաստաթուղթն ընդունվելու դեպքում օրենքի ուժ չի ունենա, այլ միայն կամրագրի Սենատի ունեցած դիրքորոշումը հարցի վերաբերյալ:
Առաջարկված փաստաթղթում սաուդյան արքայազնը համարվում է տեղի ունեցածի գլխավոր պատասխանատուն, քանի որ հենց նա է ղեկավարել անվտանգության ուժերը սպանության իրականացման ժամանակահատվածում:
Նշված է, որ Մուհամադ բին Սալման ալ Սաուդի՝ սպանությանը ներգրավված լինելու փաստը սենատորներն ապացուցված են համարում ավելի վաղ Սենատ ներկայացված նյութերի հիման վրա և պահանջում ԱՄՆ իշխանություններից ու միջազգային հանրությունից պատասխանատվության ենթարկել սպանության մեղավոր բոլոր կողմերին, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի գահաժառանգին:
Նախագծում նաև տեղ են գտել Սաուդյան Արաբիայի հետ կապված այլ պահանջներ՝ Եմենում շարունակվող պատերազմի, Քաթարի հետ ունեցած հարաբերությունների, Սաուդյան Արաբիայում անազատության մեջ գտնվող բլոգեր Ռաիֆ Բադավիի և այլ հարցերի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հեղինակավոր The New York Times պարբերականը հրապարակել էր Խաշոգջիի սկանդալային սպանության վերաբերյալ արված լրագրողական հետաքննության արդյունքները, համաձայն որոնց սպանությունն իրագործել է թագաժառանգի մերձավորներից մի քանիսի ղեկավարած խումբը:
Հայտնի է, որ լրագրողը հոկտեմբերի 2-ին մտել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան ու այլևս այնտեղից դուրս չի եկել: Ավելի ուշ հայտնաբերված ապացույցների համաձայն՝ Խաշոգջիին սպանել են, հետո մասնատել: Նրա դին առ այսօր չի հայտնաբերվել:










