Աշխարհի ամենահարուստ մարդն ամուսնալուծվում է կնոջից

10:49 • 10.01.19

Ամերիկյան Amazon ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը 25 տարի տևած ամուսնությունից հետո պատրաստվում է ամուսնալուծվել կնոջից՝ վիպասան ՄքՔենզի Տաթլից, գրում է BBC-ն:

«Սիրո և բաժանումի երկար հերթագայությունից հետո մենք որոշեցինք ամուսնալուծվել և ընկերներ մնալ: Մենք գնահատում ենք մեր համատեղ կյանքի յուրաքանչյուր տարին: Եթե իմանայինք, որ 25 տարի հետո պիտի բաժանվենք, մենք, միևնույն է, ամեն ինչ նույն կերպ կանեինք: Մեզ հրաշալի ապագա է սպասվում որպես ծնողներ, ընկերներ ու գործընկերներ, և չնայած եզրույթներն այլ կլինեն՝ մենք շարունակում ենք մնալ մեկ ընտանիք»,- ասված է զույգի թվիթերյան գրառման մեջ:

Amazon-ի 54-ամյա հիմնադիրը, Bloomberg Billionaire-ի աղյուսակի համաձայն, 137 միլիարդ դոլար կարողությամբ աշխարհի ամենահարուստ մարդն է:


Զույգը 4 երեխա ունի՝ երեք որդի և մեկ որդեգիր դուստր: ՄքՔենզին և Ջեֆը ծանոթացել են աշխատանքի հարցազրույցի ժամանակ: Երեք ամիս հանդիպելուց հետո զույգը նշանադրվել է, իսկ նրանց ամուսնությունը տեղի է ունեցել 1993թ.-ին:

Ամուսնությունից մեկ տարի անց Ջեֆը հիմնադրել է Amazon-ը: Հիշեցնենք, որ ապրանքների առցանց վաճառքով և առցանց ծառայությունների մատուցմամբ զբաղվող ընկերությունը հունվարի 7-ին 797 մլրդ դոլար արժողությամբ ճանաչվել է աշխարհում ամենաթանկ ընկերությունը: