«Նուբարաշեն» ՔԿՀ-ի 3 կալանավոր հացադուլի մեջ է. նրանց առողջական վիճակը բավարար է
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլի մեջ գտնվող 3 կալանավոր կա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
«Հացադուլի դիմած կալանավորներից Վաչագան Ավդալյանն ու Կարեն Հովհաննիսյանն իրենց քրեական գործերից են բողոքում, իսկ Մուշեղ Մխիթարյանը ցանկանում է, որ իր քրեական գործը վերաբացվի ու վերանայվի»,- ասաց Նավիկյանը:
Նա նշեց, որ հացադուլի դիմած կալանավորներից Վաչագան Ավդալյանը և Մուշեղ Մխիթարյանը փետրվարի 25-ից են հացադուլի մեջ, իսկ Կարեն Հովհաննիսյանը՝ փետրվարի 10-ից: «Նրանց առողջական վիճակը բավարար է, գտնվում են մեր բժիշկների հսկողության տակ»,- հավելեց Նավիկյանը:










