Սաակաշվիլին մտադիր է ապրիլի 1-ին Ուկրաինա վերադառնալ
Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտնել է ապրիլի 1-ին՝ Ուկրաինայում նախագահական ընտրությունների առաջին փուլի անցկացման հաջորդ օրն այդ երկիր վերադառնալու ծրագրերի մասին, գրում է capital.ua կայքը:
Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունից նշել են, որ չեն պատրաստվում թույլ տալ նրա մուտքը երկիր ո՛չ հիմա, ո՛չ էլ ապրիլի 1-ին:
Օդեսայի նախկին նահանգապետն Ուկրաինա վերադառնալու ծրագրերի մասին հայտնել է լրագրող Դմիտրի Գորդոնի հետ զրույցում:
«Ես այս տարվա ապրիլի 1-ի ամսաթվով էլեկտրոնային տոմս ունեմ: Վարշավայից կթռչեմ Կիև, իսկ 14:05-ին իմ օդանավը վայրէջք կկատարի Բորիսպոլում: Ես ամրագրել եմ այդ տոմսը, քանի որ համոզված եմ՝ Պորոշենկոն ընտրությունների երկրորդ փուլ չի անցնի, և է՛լ ավելի համոզված եմ, որ դրանից հետո ոչ մի սահմանապահ չի կատարի Պորոշենկոյի արձակած՝ իմ մուտքը երկիր արգելող հրամանը»,- ասել է Սաակաշվիլին:
Ուկրաինայում նախագահական ընտրությունները նախատեսված են մարտի 31-ին, ըստ նախնական հարցումների՝ նախագահական մրցապայքարը գլխավորում է շոումեն Վլադիմիր Զելենսկին:










