Պատմական որոշում. Ղազախստանի մայրաքաղաք Աստանան ի պատիվ առաջին նախագահի անվանափոխվել է Նուրսուլթան

15:03 • 20.03.19

Ղազախստանի խորհրդարանի պատգամավորները երկու ընթերցմամբ ընդունել են մայրաքաղաք Աստանան երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին անվանափոխելու վերաբերյալ սահմանադրական փոփոխությունները, հայտնում է ria.ru-ն:

«Ընդունվել է պատմական որոշում»,- քվեարկությունից հետո հայտարարել է խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Նուրլան Նիգմատուլինը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, Ղազախստանի նորանշանակ նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևն առաջարկել էր Աստանան անվանակոչել ի պատիվ երկրի առաջին նախագահի:

«Հարկավոր է մեր մեծ ժամանակակցի՝ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Աբիշևիչ Նազարբաևի անունն անմահացնել հետևյալ կերպ` մեր մայրաքաղաքը պետք է կրի մեր նախագահի անունն ու կոչվի Նուրսուլթան»,-նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ասել էր Տոկաևը:

Հիշեցնենք, որ Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստի ընթացքում այսօրվանից պաշտոնապես ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը: Տոկաևը երդվել է երկրի սահմանադրության վրա՝ ստանձնելով Ղազախստանի նախագահի պաշտոնը: Այնուհետև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նրան հանձնել է նախագահի հավաստագիրը:

Նազարբաևը նախօրեին ստորագրել էր մարտի 20-ից նախագահական լիազորությունները վայր դնելու մասին հրամանագիրը: Այժմ նա պատրաստվում է իր պաշտոնական նստավայրից տեղափոխվել Ղազախստանի առաջին նախագահի անվան գրադարանի շենք: