«Փաստ». Բազմավեկտոր «գրոհ» ՏԻՄ-երի ուղղությամբ. մի քանի պետական գերատեսչություններ այցելելու են ռիսկային համայնքներ՝ ստուգումների
«Քանիցս անդրադարձել ենք հին իշխանությունների օրոք ընտրված համայնքապետերի և նոր իշխանությունների բավական լարված փոխհարաբերություններին: «Փաստ» թերթի տեղեկություններով՝ համայնքապետերի վրա ճնշումների մի նոր ալիք սպասվում է մայիս-հունիս ամիսներին, այդ «գրոհը» լինելու է բազմավեկտոր, քանի որ մի քանի պետական գերատեսչություններ այցելելու են ռիսկային համայնքներ և «արմատական ու խորքային» ստուգումներ սկսեն:
Խոսքը Գլխավոր դատախազության, Հաշվեքննիչ պալատի (նախկին Վերահսկիչ պալատ), Պետական վերահսկողական ծառայության և ԱԱԾ-ի ու ՊԵԿ-ի հետախուզական բաժինների մասին է: Տեղեկությունների համաձայն, համայնքապետերը հնարավոր բոլոր միջոցներով «մաքրում» են իրենց հիմնարկները ռիսկային թեմաներից և փորձում «կոնտակտի դուրս գալ» այս «մեգաօպերացիայի» քավորի՝ ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանի հետ»,-գրում է թերթը:










