«Ասանժը փորձել է դեսպանատունը որպես լրտեսական կենտրոն օգտագործել». Էկվադորի նախագահ
Սկանդալային նյութերի հրապարակմամբ զբաղվող WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը, որը Շվեդիա արտահանձնումից խուսափելու նպատակով յոթ տարի ապաստանել էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը և ապրիլի 10-ին ձերբակալվել Լոնդոնի ոստիկանության կողմից, փորձել է դեսպանատան շենքը որպես լրտեսական կենտրոն օգտագործել: Այս մասին The Guardian պարբերականի հետ զրույցում հայտարարել է Էկվադորի նախագահ Լենին Մորենոն:
Միևնույն ժամանակ նա հավելել է, որ Մեծ Բրիտանիան իրեն գրավոր երաշխիքներ է տրամադրել առ այն, որ Ասանժի հիմնարար իրավունքները հարգվելու են և որ նա չի արտահանձնվի այնպիսի երկիր, որտեղ նրան կարող են կտտանքների ենթարկել կամ մահապատժի դատապարտել:
Իր հարցազրույցում Մորենոն հավելել է, որ 47-ամյա Ասանժը, գտնվելով դեսպանատանը, հաջողացրել է միջամտել այլ երկրներում ընթացող ժողովրդավարական գործընթացներին:
«Մենք չենք կարող թույլ տալ, որ Ասանժի առջև իր դռները բացած մեր տունը լրտեսական կենտրոնի վերածվի: Այսպիսի գործունեությունը խախտում է ապաստանի պայմանները: Մեր որոշումը հիմնված է միջազգային իրավունքի վրա»,-ասել է նախագահը՝ ընդգծելով, որ «Ասանժը գլխացավանք էր դարձել դեսպանատան համար»:
Նա նաև հերքել է ենթադրություններն առ այն, որ Էկվադորն ինչ-որ պետության ճնշման տակ է Ասանժին վտարել իր դեսպանատնից: Մորենոն հերքել է այն հայտարարությունը, համաձայն որի՝ ինքն Ասանժին դեսպանատնից վտարել է ԱՄՆ-ի հետ կնքած գործարքի շրջանակում և որ դրա դիմաց Միացյալ Նահանգները ներելու է Էկվադորի պարտքի մի մասը:
Հայտնի է, որ Մորենոյի՝ Ասանժի դեմ քայլը ոչ միանաշանակ արձագանք է ստացել Էկվադորում: Նախկին նախագահ Ռաֆայել Կորեան նրան մեղադրել է «մարդկության դեմ աններելի հանցանք գործելու համար»: Բացի այդ, նա գործող նախագահին «Էկվադորի և առհասարակ Լատինական Ամերիկայի պատմության մեծագույն դավաճան է անվանել»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, Ավստրալիայի քաղաքացի Ասանժը Միացյալ Նահանգներ արտահանձնվելու և այնտեղ մահապատժի դատապարտվելու վտանգի տակ է: Նա Էկվադորի դեսպանատանն էր ապաստանել՝ փորձելով խուսափել Շվեդիա արտահանձնումից: Հայտնի է, որ Շվեդիայում նա մեղադրվում էր բռնաբարության համար: Սակայն ազատ խոսքի իրավունքի ակտիվիստը մտավախություն ուներ, որ Շվեդիան իր հերթին կարող է իրեն ԱՄՆ արտահանձնել, որտեղ նրան, ամենայն հավանականությամբ, մահապատժի կդատապարտեն պետական գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար:
Այժմ Ասանժը ձերբակալվել է 2012թ. գրավի դիմաց ազատ արձակվելու ռեժիմը խախտելու համար:










