Լիբիայում զինված հակամարտության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 200-ը
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում զինված հակամարտության հետևանքով զոհերի թիվը 205-ի է հասել, 913-ը տուժել են, հաղորդում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր հակամարտության հետևանքով 189 զոհի և 816 տուժածի մասին:
Կազմակերպության թվիթերյան գրառման մեջ ասվում է, որ Լիբիայում կազմակերպության մասնաճյուղի բժիշկներն ուղևորվել են հիվանդանոցներ՝ տասնյակ վիրահատություններ կատարելու:
Հիշեցնենք, որ Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Խաֆթարն ապրիլի 4-ին հրամայել էր զինված ուժերին Տրիպոլիի նկատմամբ հարձակում սկսել՝ այն «ահաբեկիչների ձեռքից ազատելու համար», իսկ Տրիպոլիում կառավարությանը հավատարիմ զինված խմբավորումները հայտարարել էին Խաֆթարի ուժերի դեմ «ցասման հրաբուխ» գործողության մեկնարկի մասին:
Հիշեցնենք նաև, որ 2011թ.-ին երկրի առաջնորդ Մուամմար Քադաֆիի տապալումից և սպանությունից հետո Լիբիան փաստացի դադարել է որպես միասնական պետություն գործելուց:
Այժմ երկրում երկիշխանություն է. արևելքում իշխում է ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, արևմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, իշխում է ՄԱԿ-ի և Եվրամիության աջակցությամբ ստեղծված ազգային համաձայնության կառավարությունը, որի ղեկավարը Ֆաիզ Սարաջն է: Երկրի արևելյան մասի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում են ազգային բանակի հետ:










