Նախընտրական բանավեճի ժամանակ Զելենսկին ծնկի է իջել ժողովրդի առաջ, Պորոշենկոն՝ մեկ ծնկի վրա՝ դրոշի առաջ (թարմացված, տեսանյութ)
21:00
«Ես պատրաստ եմ ծնկի իջնել յուրաքանչյուր ուկրաինացու առաջ: Յուրաքանչյուր կնոջ առաջ, որը կորցրել է ամուսնուն: Այնքան էլ բարդ չէ մարդ լինել», - ասել է Զելենսկին և ծնկի իջել բեմի վրա:
Պորոշենկոն նույնպես ծնկի է իջել՝ ձեռքով պահելով դրոշի ծայրից:
20:46
«Մարդիկ ամեն ինչ գիտեն իմ մասին: Այժմ ուզում եմ իմանալ Ձեր մասին, Ձեր արժեքների մասին: Որտե՞ղ եք տեսնում Ուկրաինան հինգ տարի անց», - Պորոշենկոն հարց է ուղղել Զելենսկուն:
«Ուկրաինան գնում է դեպի Եվրոպա: Ես նույնպես պաշտպանելու եմ եվրոպական ընտրությունը», - պատասխանել է Զելենսկին: Վերջինս խոստացել է, որ 5 տարուց կհեռանա նախագահի պաշտոնից:
20:31
«Իմ ղեկավարությամբ մենք ավելին ենք արել, քան մեկ քառորդ դարի ընթացքում մինչ այդ: Իսկ որտե՞ղ էիք այդ ժամանակ դուք», - պատասխանել է Պորոշենկոն:
Պորոշենկոն երկրում տիրող իրավիճակի համար մեղադրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: «Դուք պետք է տեսնեիք, թե ինչ վիճակում եմ ես ընդունել երկիրը: Իսկ դուք այդ ընթացքում վնասում էիք երկրին և գումար ստանում Ռուսաստանից»,- հավելել է Պորոշենկոն:
20:23
«Մենք բոլորս քվեարկել ենք մի Պորոշենկոյի օգտին, բայց ընտրել ենք մեկ ուրիշի: Առաջինն ասում է, որ դպրոց է բացում, երկրորդը լուռ Roshen խանութ է բացում», - նախընտրական բանավեճի ժամանակ իր ելույթն այսպես է սկսել Զելենսկին:
Նա հիշեցրել է գործող նախագահի սխալները՝ պատերազմը, վերնախավի անօրինական հարստացումը:
«Ես հասարակ մարդ եմ, որը եկել է կոտրելու այս համակարգը», - շեշտել է Զելենսկին:
«Ինչպես է Ուկրաինան ամենաաղքատ երկիրը մեր պատմության մեջ ամենահարուստ նախագահի ժամանակ», - հավելել է Զելենսկին:
Ելույթի իրավունքը փոխանցվել է Պորոշենկոյին:
20:05
Պյոտր Պորոշենկոն և Վլադիմիր Զելենսկին ժամանել են մարզադաշտ: Վիճակահանության համաձայն՝ ժողովրդի առաջ առաջինը ելույթ է ունենալու Վլադիմիր Զելենսկին:
19:55
Կիևի «Օլիմպիյսկի» մարզադաշտում տեղի ժամանակով 19:00-ին (երևանյան ժամանակով՝ 20:00) մեկնարկում է նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով երկու առաջատար թեկնածուների՝ Պյոտր Պորոշենկոյի և Վլադիմիր Զելենսկու նախընտրական բանավեճը:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, ուկրաինացիներն արդեն հավաքվել են մարզադաշտում, որտեղ ելույթ է ունենում KOZAK SYSTEM խումբը: Ի դեպ, այս խումբը մարզադաշտում ելույթով հանդես է եկել նաև ապրիլի 14-ին, երբ Պյոտր Պորոշենկոն ժամանել էր բանավեճի, սակայն ներկա չէր Զելենսկին: Քաղաքական գործիչները տարբեր ամսաթվեր էին նշել բանավեճն անցկացնելու համար: Արդյունքում բանավեճը տեղափոխվեց ապրիլի 19-ին, երբ և հայտարարել էր Զելենսկին:
Ընտրությունների երկրորդ փուլը կայանալու է ապրիլի 21-ին: Մարտի 31-ին կայացած առաջին փուլի արդյունքներով՝ Զելենսկին ստացել էր ընտրողների ձայների 30.04 տոկոսը, իսկ Պորոշենկոն՝ 15.95 տոկոսը:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:










