Սաակաշվիլին հայտարարել է, որ դեպի Կիև տոմս է գնել
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ արդեն դեպի Կիև տոմս ունի: Նա մտադիր է Ուկրաինա վերադառնալ իր՝ երկիր մուտք գործելու արգելքի չեղարկումից հետո, գրում է news.liga.net-ը:
Նա դիմում է ներկայացրել Ուկրաինայի անվտանգության ծառայություն իր դեմ սահմանված արգելքի չեղարկման վերաբերյալ: Նրա խոսքով՝ արգելքն ապօրինի սահմանվել է ընտրություններում պարտված Պյոտր Պորոշենկոյի կողմից, և ինքը ցանկանում է մեկնել երկիր և պաշտպանել իրեն:
Նա Ուկրաինայում կիրակի անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներն «իրական ընտրական հեղափոխություն» է անվանել ու նշել, որ Զելենսկիի համար բարդ կլինի պայքարելը ոչ միայն հին քաղաքական դասի, այլև մաֆիայի դեմ, որը տիրում է երկրում:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Ժողովրդի ծառա» կուսակցության նախագահ Վլադիմիր Զելենսկին 73,18% ձայնով առաջատար է կիրակի անցկացված նախագահական ընտրություններում՝ արձանագրությունների 90,25%-ի մշակումից հետո: Գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն հավաքել է 24,49% ձայն: Այդ մասին են վկայում երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները:










