Նար-Դոսի փողոցում գտնվող կրպակներն ապամոնտաժվում են (տեսանյութ)

15:35 • 29.04.19

17:16

Աշխատում եմ կրպակում, օրինական գրանցված եմ արդեն ինն տարի. այս մասին լրագրողների hետ զրույցում ասաց Երևանի Նար-Դոս փողոցի կրպակներից մեկի աշխատակից Աշոտ Ղարիբյանը:

«Բոլոր կրպակները հանում են, իսկ թերթի կրպակը թողնում են, հիմա ի՞նչ տարբերություն՝ կրպակը կրպակ է: Ասում են՝ նա օրինական է, սրանք անօրինական են»,- ասաց կրպակի աշխատակիցը:

Ըստ Աշոտ Ղարիբյանի՝ բազմիցս դիմել են իրենց կրպակի տեսքը փոխելու համար, բայց միշտ էլ մերժվել են: «Ունեմ երկու անչափահաս երեխա, ունենք վարկեր, հիմա չեմ իմանում ո՞նց է լինելու մեր վիճակը»,- ասաց նա:

Հարցին՝ նրանց նախապես չէին զգուշացրել ապամոնտաժման մասին, Աշոտ Ղարիբյանը պատասխանեց. «Զգուշացրել են տնօրենին, բայց ես աշխատող եմ սովորական, բայց ընդամենը 15 օր ժամանակ են տվել ու եկել քանդում են»:

Այլ տեղ գործունեությունը շարունակելու առաջարկների մասին կրպակի աշխատակիցն ասաց, որ բանավոր առաջարկներ են անում: «Հիմա թե վեց ամիս հետո կլինի, մեկ տարի հետո կլինի, թե տեսնենք երբ կլինի, խոստումը կկատարե՞ն, թե՞ կդրժեն, չգիտեմ»,- ասաց նա:

Հարցին՝ հունվարից չե՞ն զգուշացրել քաղաքապետարանից, նա ասաց, որ 15 օր առաջ են ծանուցում ստացել: «Դրանից առաջ մեզ կանչել են, փափուկ բարձ են դրել գլխներիս տակ, ասել են՝ կզանգենք, կքննարկենք, բայց ես դա քննարկում չեմ համարում, համարում եմ միակողմանի լուծում»,- ասաց նա և հավելեց, որ քաղաքապետարանն իր աշխատանքային իրավունքները ոտնահարում է հիմա:

«Գուցե տնօրենն ուրիշ աշխատանք ունի, ուրիշ եկամտի աղբյուր ունի, ես չունեմ, հիմա ինձ ավելի շատ են վնաս պատճառում, քան տնօրենին: Դառնում եմ գործազուրկ, մնում է ուրիշ երկրներից ապաստան խնդրենք գնանք, ուրիշ էլ ի՞նչ անենք»,- եզրափակեց նա:




16:53

Ոչ մի համաձայնության չենք եկել, որոշում են բերել, որ պետք է քանդվի, ուրիշ բան չկա. Երևանի Նար-Դոսի փողոցում գտնվող կրպակների ապամոնտաժման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց կրպակներից մեկի տերը՝ Ֆելիքս Միքայելյանը:

Հարցին, թե երբ են ստացել ապամոնտաժման մասին ծանուցումը, նա պատասխանեց. «Հունվարից ենք տեղեկացել, որ Փաշինյանն եկել է հանելու բուտկեքը ...  Վերջին 15 օրն են ներկայացրել թուղթ, որ պետք է հանենք, մենք էլ պատրաստվում ենք հանել»: 

Դիտարկմանը՝ ասում են, թե պայմանավորվել եք ուրիշ տարածք են տրամադրելու, կրպակի տերն ասաց, որ պետք է տարածքը լինի, որ պայմանավորվեն: «Կիլիկիայի վերջին քարի հանքերն են ասում, ի՞նչ անեմ, այնտեղ քա՞ր եմ տաշելու»,- ասաց նա և հավելեց, որ ինքը Նար–Դոսում փայտամշակմամբ է զբաղվում:

Հարցին՝ հնարավո՞ր է դատական գործընթաց սկսի, վերջինս պատասխանեց. «Որ սկսեմ ի՞նչ օգուտ, եթե օգուտ կունենա, որ կբերեմ, կդնեմ տեղը՝ կանեմ, բայց օգուտ չունեմ: Այսօր  օրենքո՞վ է որ, օրենքը ժողովրդի կո՞ղմն է, չկա նման բան, օրենքն իրենցն է, իրենք էլ իրար մատ չեն կծում, անում են այն, ինչ հարմար է իրենց»: 

Նա հավելեց, որ չի թողել իր կրպակը ջարդեն: «Վաղը ես ինքս կհանեմ, որովհետև սա իրենով գումար է: Չթողեցի ջարդեն, ես ավելի լավ է մեկին նվեր տամ, քան էսպես ջարդեն թափեն, մեկին լավություն կանեմ, ինձ էլ պետք չի»,- եզրափակեց նա:

16:27

Տնտեսվարողներին մի քանի ամիս առաջ էլ ուղարկել են ծանուցում: Այս մասին Նար-Դոս փողոցում գտնվող կրպակների ապամոնտաժման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը:

Իսկ թե ինչպես են արձագանքել ծանուցմանը կրպակների տերերը, Մնացականյանն ասաց, որ նրանց մի մասը հասկացել է, որովհետև 96 թվականից որոշները ապօրինաբար են զբաղեցրել մայթը:

«Այսօր սկսելու ենք 4 տաղավարի ապամոնտաժումը, որ սիրուն և բարեկարգ կենտրոն ունենանք: Մեր պայքարը մայթերն ազատագրելու գործում շարունակական է լինելու»,- ասաց Մնացականյանը:

Tert.am-ի հարցին՝ կրպակների տերերն ունե՞ն սեփականության թուղթ, վերջինս պատասխանեց, որ որևէ մեկը չունի, և բոլորը տարիներ շարունակ անօրինական գործունեություն են ծավալել:

«Այս ապամոնտաժումը բիզնեսի համար է լավ և քաղաքի համար է լավ: Այս տաղավարների տերերը չգիտեմ, թե ձեզ ինչեր են ասել, բայց բոլորը այլ վայրերում ունեն բիզնեսներ, օրինակ՝ դիմացի մայթերին և այլ վայրերում»,- ասաց Վիկտոր Մնացականյանը:

Դիտարկմանը՝ աշխատողներից մեկը բողոքում էր, որ չունի աշխատանք, Մնացականյանն ասաց, որ չեն հավատում այդ աշխատողներին: «Մենք հանդիպել ենք կրպակների տերերի հետ, զրուցել ենք հետները: Ասել ենք, որ քաղաքապետարանի հետ որոշել ենք տեղ հատկացնել նրանց: Նրանք, ովքեր կհամագործակցեն պետության հետ, անպայման կհրավիրվեն, և մի քանի ամսվա մեջ տրամադրված վայրերում կտեղադրվեն իրենց տաղավարները»,- նշեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը:

Մինչ Մնացականյանը պատասխանում էր լրագրողների հարցերին, նրան մոտեցավ կրպակներից մեկի աշխատողը և նրան ասաց, որ մնալու է  առանց աշխատանքի: Մնացականյանն էլ պատասխանեց, թե նոր Հայաստանում անօրինական կրպակներ չպետք է լինեն:

«Սփյուռքից մարդ է եկել՝ սիրիահայ է, ներդրում է արել, գործ է բացել: Եթե անօրինական էր, թող հարկայինը չգրանցեր»,- ասաց կրպակի աշխատակիցը:

Մնացականյանն էլ ասաց, որ կարող է բողոքել հարկայինի դեմ: Նա նաև հավելեց, որ ում կրպակները սեփական են, դրանք կարող են ապամոնտաժվել միայն դատարանի որոշմամբ:

«Մենք աշխատողներին հասկանում ենք, սեփականատերերի հետ խոսել ենք: Չենք պատրաստվում որևէ հատուցում տալ անօրինական շինություններ ունեցողներին: Այլ բան, որ քաղաքապետարանի բարի կամքի դրսևորման արդյունքում կկարողանանք շուկաներում վճարովի հիմունքներով տեղեր հատկացնել»,- ասաց նա:

15:35

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարության որոշմամբ՝ ապամոնտաժվում են Նար-Դոսի փողոցի երկայնքով տեղակայված կրպակները:

Նշվում է, որ դրանք խանգարում են երթևեկությանը: Այս պահին ապամոնտաժման աշխատանքներին հետևում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը:

 

Նար-Դոսի փողոցում գտնվող կրպակներն ապամոնտաժվում են (տեսանյութ)