Պուտինը խորհուրդ է տվել «նախկին վրացի» Սաակաշվիլիին վերադարձնել ուկրաինական անձնագիրը

15:45 • 29.04.19

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին խորհուրդ է տվել Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին վերադարձնել ուկրաինական անձնագիրը:

Ինչպես նշում է meduza.io կայքը, Պուտինն այս մասին ասել է լրագրողներին:

«Ինչ վերաբերում է ազատություններին, ապա այս առումով ավելի լավ է սկսել ոչ թե Ռուսաստանից և ռուսներից, այլ, ասենք, վրացիներից կամ նախկին վրացիներից: Օրինակ՝ ազնիվ կլիներ ուկրաինական անձնագիրը վերադարձնել մի մարդու, որը նախկինում վրացի էր, իսկ հիմա իրեն ուկրաինացի է համարում: Ես նկատի ունեմ Միխեիլ Նիկոլաևիչ Սաակաշվիլիին»,-ասել է Պուտինը:

Աղբյուրը հիշեցնում է, որ Սաակաշվիլին, որը նախկինում զբաղեցրել է Վրաստանի նախագահի պաշտոնը, Ուկրաինայի քաղաքացիություն էր ստացել 2015թ., երբ Օդեսայի նահանգապետ էր նշանակվել: Սակայն երկու տարի անց նախագահ Պյոտր Պորոշենկոն նրան պաշտոնանկ էր արել ու զրկել քաղաքացիությունից: Այդ ժամանակ Սաակաշվիլին գտնվում էր Լեհաստանում: