Թատերական ինստիտուտի դռները բացվեցին. ընդվզող ուսանողների 7 հոգանոց խումբը կհանդիպի ԿԳ նախարարի հետ (տեսանյութ, թարմացված)
19:35
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բողոքի ակցիա իրականացնող ուղանողները բացեցին բուհի դռները: Նրանք ընդունեցին ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի առաջարկը, և 7 ուսանողից կազմված խումբը հանդիպելու է կրթության և գիտության նախարարին:
Ուսանողները հայտարարում են, որ նախարարի հետ հանդիպմանը շարունակելու են պահանջել ռեկտոր Լիլիթ Արզումանյանի հրաժարականին, ով 6 ամիս ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից հետո այսօր ընտրվել է ԵԹԿՊԻ ռեկտոր:
18:41
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ընդվզող ուղանողներին առաջարկել է խումբ կազմել և գործուղվել նախարարություն՝ ռեկտորի հարցի վերաբերյալ բանակցություններ տանելու համար:
«Նախարարը հանդիպման ժամը կհայտնի ռեկտորի միջոցով: Բանակցությունների համար անշուշտ հանդիպում է պետք, բայց ամենակարևոր պայմանը, որ դռները բացվում են, և մարդկանց ելումուտն ապահովվում է»,- ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը:
Tert.am-ի թղթակիցը հայտնում է, որ ուսանողներն արդեն 30-40 րոպե է՝ ռեկտորի աշխատասենյակում քննարկում են նրա հրաժարականի հարցը: Քննարկումից հետո ուսանողներն իրենց դիրքորոշումը հայտնեն ԿԳՆ նախարարի առաջարկի վերաբերյալ:
17:32
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նորընտիր ռեկտոր Լիլիթ Արզումանյանը ուսանողների հետ հանդիպեց և մինչև առավոտ ժամանակ խնդրեց հրաժարականի շուրջ մտածելու համար:
«Այդ ընթացքում կկարողանամ նաև կապ հաստատել կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ, ով այժմ կառավարությունում նիստի է: Ես վստահեցնում եմ, որ կրթության և գիտության նախարարի մարդը չեմ»,- նշեց նա:
Լիլիթ Արզումանյանը նաև տեղեկացրեց, որ ինստիտուտի խորհրդի անդամներից ոչ ոք՝ այդ թվում ինքը, ոստիկանության ներկայացուցիչների չի հրավիրել. «Նրանք հավանաբար ուղիղ եթերի միջոցով են տեսել և որոշել են գալ այստեղ»:
Հիշեցնենք, որ մի խումբ ոստիկաններ տևական ժամանակ է ինստիտուտի դիմաց են և փորձում են մուտք գործել շենքի տարածք, սակայն ուսանողները փակ են պահում դռները:
16։43
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լուսինե Բադալյանը և Նարինե Թուխիկյանը փորձում էին դուրս գալ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շենքից, սակայն բողոքի ակցիա իրականացնող ուսանողները նրանց թույլ չտվեցին:
Լուսինե Բադալյանն ասաց, որ նիստից ուշանում է և իրավունք ունի շենքից դուրս գալու:
«Երբ դասախոսների հետ միասին ուսանողության կարծիքը, մտահոգությունը հաշվի չի առնվում, մենք էլ հաշվի չենք առնելու ոչ մեկի մտահոգությունը և գործունեությունը»,- արձագանքեց ուսանողներից մեկը:
Tert.am-ը Լուսինե Բադալյանին հարց ուղղեց, թե արդյոք ինքն էլ էր դատարանների դռներն արգելափակելու ակցիային մասնակցել, և հիմա հասկանո՞ւմ է այն դատավորներին, որոնք չէին կարողանում դատարաններ մուտք գործել, պատգամավորը չպատասխանեց, այնուհետև հեռացավ։
16:32
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր ընտրվեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանը:
Նրա թեկնածության հետ կապված երկու օր առաջ ուսանողական խորհուրդը հայտարարություն էր տարածել, նրանք ընդգծել էին, որ այլընտրանքային թեկնածու են ցանկանում տեսնել:
Ուսանողական խորհրդի հայտարարությունում ասվում էր նաև, որ 6 ամիսների ընթացքում Լիլիթ Արզումանյանը ոչ կառուցողական գործունեություն է ծավալել:
Ռեկտորի ընտրությունից հետո էլ ուսանողները պնդում են, որ իրենց բողոքի ակցիան ուղղորդված չէ:
Մի խումբ ոստիկաններ են եկել ինստիտուտ և փորձում են մուտք գործել շենքի տարածք, սակայն ուսանողները փակ են պահում դռները:
14:49
Թատերականի ուսանողները բողոքի ակցիա են իրականացնում բուհում, բոյկոտում են ռեկտորի ընտրություններն ու խորհրդի նիստը և պահանջում են այլընտրանքային թեկնածու:
Շրջանառվում է Արամ Սուքիասյանի թեկնածությունն առաջադրելու հարցը:
Ուսանողներն ասում են, որ երեկ խորհուրդի նիստում ելույթ է ունեցել Արամ Սուքիասյանը, ով բուհի նախկին դասախոս է, և ինքն է առաջարկել, որ կարող է լինել այդ՝ ուսանողների պահանջած այլընտրանքային թեկնածուն:












