Ձերբակալվել են Մերձմոսկովյան շրջանում հատուկջոկատայինի սպանության 2 կասկածյալները. հրապարակվել է տեսանյութը (տեսանյութ)

13:40 • 04.06.19

ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն հայտնել է, որ Մերձմոսկովյան շրջանում ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության կասկածյալներից երկուսը ձերբակալվել են:

Ինչպես նշում է ria.ru-ն, նրանք ԱՊՀ երկրներից մեկի քաղաքացիներ են:

Պետրենկոն մանրամասնել է, որ այժմ իրավապահները փորձում են պարզել նրանցից յուրաքանչյուրի ունեցած դերակատարումը: Ձերբակալվածները խուզարկվել են: Ընդհանուր առմամբ, հարցաքննվել է 50 վկա:

Պետրենկոյի փոխանցմամբ՝ արդեն հայտնի են կատարվածի բոլոր մասնակիցները, նրանց հետ աշխատում են քննիչները:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության գլխավոր կասկածյալը տեղի «Բիր Հաուս» սրճարանի սեփականատեր Գրիգոր Օհանյանն է, որը լքել է Ռուսաստանն ու մեկնել Երևան: 

Սպանվածի հայրը` Ալեքսեյ Բելյանկինը, РБК-ի հետ զրույցում տեղեկացրել էր, որ բոլոր կասկածյալների ինքնությունը պարզվել է: Նրանցից մեկը ձերբակալվել է, մյուսները մեկնել են Հայաստան:

«Ինձ ասել են, որ Հայաստանը կհանձնի բոլորին: Դա գրեթե հստակ է»,- հույս էր հայտնել Ալեքսեյ Բելյանկինը:

Հիշեցնենք, որ 24-ամյա Նիկիտա Բելյանկինը սպանվել է մերձմոսկովյան Պուտիլկովո շրջանում: Երիտասարդը փորձել է օգնել մի խումբ մարդկանց կողմից ծեծի ենթարկվող երկու մարդու, ինչի հետևանքով մահացու վիրավորում է ստացել: Սկզբում նախկին հատուկջոկատայինն օդ է կրակել` ուշադրություն գրավելու համար, սակայն շուրջ 10 հոգուց բաղկացած խումբը հարձակվել է նրա վրա:

Նիկիտան ընկած դիրքից բարձրացել է և ևս մի քանի կրակոց արձակել, որից հետո խմբի անդամներից մեկը դանակով հարվածել է նրան: Երիտասարդը տեղում մահացել է: