Նիկիտա Բելյանկինի սպանության համար կասկածվող անձին մեղադրանք է առաջադրվել. МК-ն հայկական ազգանուններ է հայտնել
ՌԴ քննչական կոմիտեն ևս 2 մարդու է ձերբակալել, որոնք կասկածվում են Մերձմոսկովյան շրջանում օրերս տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքին մասնակցության համար, ինչի հետևանքով սպանվել է ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինը, հայտնում է meduza.io-ն:
Քննության համաձայն՝ նրանցից մեկն էլ մահացու վիրավորում է հասցրել հատուկջոկատայինին: Կասկածյալին մեղադրանք է առաջադրվել: Նրա անունը չի նշվում:
ՔԿ-ն պատրաստվում է գործում ներգրավված բոլոր անձանց կալանավորման միջնորդություն ներկայացնել:
Հունիսի 4-ին քննիչները հայտնել էին ևս երկու կասկածյալի ձերբակալության մասին:
«Մոսկովսկիյ կոմսոմոլեց»-ը, իր հերթին, գրում է, որ գործի շրջանակում ձերբակալվել են ՀՀ քաղաքացի Նարեկ Ստեփանյանը (ծնված 1992 թվականին), որը «Բիր Հաուս»-ում բարմեն էր աշխատում, մոսկվաբնակ տնտեսագետ Սուրեն Մարկոսյանը (1978թ.) և գործազուրկ Սերգեյ Խոջաևը (1977թ.): Պաշտոնապես այս տեղեկությունները չեն հաստատվել:
ՔԿ-ն միայն նշել է, որ նախօրեին ձերբակալված անձինք ԱՊՀ երկրներից մեկից են:
Հիշեցնենք, որ 24-ամյա Նիկիտա Բելյանկինը սպանվել է մերձմոսկովյան Պուտիլկովո շրջանում: Երիտասարդը փորձել է օգնել մի խումբ մարդկանց կողմից ծեծի ենթարկվող երկու մարդու, ինչի հետևանքով մահացու վիրավորում է ստացել:
Ավելի վաղ հաղորդվել էր, թե ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության գլխավոր կասկածյալը տեղի «Բիր Հաուս» սրճարանի սեփականատեր Գրիգոր Օհանյանն է, որը լքել է Ռուսաստանն ու մեկնել Երևան: Սակայն Ռուսաստանում բնակվող Գրիգոր Օհանյանը, որին ռուսական լրատվամիջոցներն անվանել էին Բելյանկինին սպանած անձ, մեղադրել է լրատվամիջոցներին սուտ տեղեկություններ տարածելու համար և պատրաստվում է դատի տալ նրանց:










