Ղազախստանում հունիսի 9-10-ին անցկացված ցույցերի ժամանակ 700 մարդ է բերման ենթարկվել, շուրջ 550-ը վարչական պատասխանատվության է ենթարկվել

09:54 • 11.06.19

Ղազախստանի իրավապահ մարմինները երկրում հունիսի 9-ին և 10-ին անցկացված չարտոնված ցույցերի ժամանակ շուրջ 700 մարդու են բերման ենթարկել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Ղազախստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը հղումով:

Նախարարությունից հայտնել են, որ մայրաքաղաք Նուր-Սուլթանում և Ալմաթի քաղաքում դատարանի կողմից արգելված «Ղազախստանի ժողովրդավարական ընտրություն» «ծայրահեղական» կազմակերպության  կողմնակիցներն «ընտրությունների ժամանակ հանրային իրավիճակն ապակայունացնելու նպատակով ապօրինի հավաք» են անցկացրել:

«Առաջին օրը 500 մարդ է բերման ենթարկվել, երկրորդ օրը՝ շուրջ 200»,- ասել է ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Նուրդիլդա Օրազը: Նրա խոսքով՝ 2 օրվա մեջ շուրջ 550 քաղաքացի վարչական պատասխանատվության է ենթարկվել:

Հիշեցնենք, որ հունիսի 10-ին Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել էր արտահերթ նախագահական ընտրություններում Քասիմ Ժոմարտ Տոկաևի հաղթանակի մասին, որը նախագահի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել երկիրը մոտ 30 տարի ղեկավարած Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականից հետո: