ԱՄՆ-ն կոչ է արել Թուրքիային դադարեցնել Կիպրոսի տարածքային ջրերում հորատման աշխատանքները

10:37 • 10.07.19

Միացյալ Նահանգները Կիպրոսի տարածքային ջրերում Թուրքիայի գործողությունները «սադրանք» է որակել և Անկարային կոչ է արել դադարեցնել հորատման աշխատանքները, ասված է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսի հայտարարության մեջ:

Ria.ru-ի փոխանցմամբ՝  Կիպրոսի բացառապես տնտեսական գոտում, որտեղ հայտնաբերվել են գազի հանքավայրերը, գտնվում են թուրքական երկու հորատման կայանքներ՝ «Ֆաթիհ»-ը և «Յավուզ»-ը: «Յավուզ» նավը այդ շրջան է ժամանել երեքշաբթի, ինչը Հունաստանը և Կիպրոսը սադրանք են համարում։

Օրտագուսի խոսքով՝ ԱՄՆ-ն «խորապես մտահոգված է» Թուրքիայի գործողություններով։

«Այս սադրրիչ քայլը տարածաշրջանում կուժեղացնի լարվածությունը: Մենք կոչ ենք անում Թուրքիայի իշխանություններին դադարեցնել գործողությունները»,- ասված է հայտարարության մեջ:

Պետքարտուղարության ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ նավթային և գազային ռեսուրսները պետք է «հավասարապես բաժանվեն երկու համայնքների միջև»: