Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմանավը Հորմուզի նեղուցում իրանական անօդաչու սարք է խոցել, Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է

10:33 • 19.07.19

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավը Հորմուզի նեղուցի շրջանում իրանական անօդաչու սարք է խոցել, հաղորդում է CNN հեռուստաալիքը:

«Անօդաչու թռչող սարքն անմիջապես ոչնչացվել է»,- հայտարարել է նախագահը և հավելել, որ հետախուզական սարքավորումը Հորմուզի նեղուցի շրջանում ամերիկյան նավերից գտնվել է 900 մետր հեռավորության վրա:

Նրա խոսքով՝ անօդաչու սարքը սպառնացել է և՛ ԱՄՆ նավի, և՛ նրա անձնակազմի անվտանգությանը, այդ պատճառով էլ ոչնչացվել է: Թրամփը կոչ է արել մյուս երկրներին դատապարտել Իրանի գործողությունները և պաշտպանել իրենց նավերը:

«Միջազգային ջրերում նավերի նկատմամբ սա Իրանի բազմաթիվ սադրիչ և թշնամական գործողություններից վերջինն է»,- հայտնել է Թրամփը:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Նյու Յորքում լրագրողներին հայտարարել է, որ իրենք «տեղեկություններ չունեն անօդաչու սարքի կորստի մասին»:

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին ուժի մեջ են մտել Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցները, որոնք հիմնականում ուղղված են գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ:

Երկու պետությունների՝ առանց այդ էլ լարված հարաբերություններն ավելի էին սրվել հունիսի 13-ին Օմանի ծոցում տեղի ունեցած միջադեպից հետո: Միացյալ Նահանգներն Օմանի ծոցում երկու նավթային լցանավերի նկատմամբ իրագործված հարձակման համար մեղադրում է Իրանին, որը, սակայն, հերքում է այդ մեղադրանքները: Այդ միջադեպից մեկ շաբաթ անց Իրանը հայտարարել էր իր օդային տարածքում ամերիկյան հետախուզական անօդաչու թռչող սարք կործանելու մասին: