ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի նկատմամբ, վերջինս արձագանքել է

10:19 • 01.08.19

ԱՄՆ-ն պատժամիջոցների ցանկում է ներառել Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին, գրում է Reuters գործակալությունը՝ ԱՄՆ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքին հղումով:

«Ջավադ Զարիֆն իրականացնում է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի անխոհեմ քաղաքականությունը և ամբողջ աշխարհում վարչակարգի հիմնական ներկայացուցիչն է: ԱՄՆ-ն հստակ ազդանշան է հղում իրանական վարչակարգին այն մասին, որ վերջերս այդ երկրի դրսևորած պահվածքն անընդունելի է»,- հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:

Պատժամիջոցների ցուցակում հայտնվելը նշանակում է, որ Ջավադ Զարիֆի ակտիվներն ԱՄՆ-ում կսառեցվեն, իսկ Միացյալ Նահանգների քաղաքացիներին և ամերիկյան ընկերություններին կարգելվի նրա ներգրավմամբ բիզնես վարել, միևնույն ժամանակ հայտնի չէ՝ արդյոք արտգործնախարարն ԱՄՆ-ում ակտիվներ ունի: Նախարարն ինքը հերքում է նման վարկածը:

Գործակալության տվյալներով՝ Վաշինգտոնն այլևս Իրանի արտգործնախարարին երկխոսության առումով առաջնային պաշտոնյա չի համարում:

«Նրա հետ շփվում էր նախորդ վարչակազմը՝ միջուկային բանակցությունների ժամանակ: Մենք ավելի քան մեկ տարի առաջ դուրս ենք եկել պայմանագրից: Եթե հետագայում կապ ունենանք Իրանի հետ, գերադասում ենք, որ դա լինի այնպիսի անձանց հետ, որոնք որոշումներ են կայացնում»,- լրագրողներին հայտնել է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:

Ջավադ Զարիֆը, մեկնաբանելով պատժամիջոցները, հայտարարել է, որ դրանց պատճառն իր՝ աշխարհում Իրանի հիմնական ներկայացուցիչը լինելու փաստն է: Նա ընդգծել է, որ պատժամիջոցներն իր վրա չեն անդրադառնա:

«Շնորհակալ եմ, որ ինձ այսքան մեծ սպառնալիք եք համարում ձեր օրակարգին»,- թվիթերյան իր էջում գրել է նախարարը:

Հիշեցնենք, որ հունիսի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որով պետք է դիտարկվեր Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացումը:

Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները սրվել էին դեռևս անցած տարի, երբ ամերիկյան կողմը լքել էր Իրանի հետ միջուկային պայմանագիրը: Իրավիճակը նոր զարգացումներ էր ստացել մայիսին՝ այն բանից հետո, երբ Հորմուզի նեղուցում Սաուդյան Արաբիայի 4 նավթային լցանավեր հարձակման էին ենթարկվել: Հունիսին լցանավերի վրա հարձակումը կրկնվել էր Օմանի ծոցում: Վաշինգտոնն այս դեպքերի համար Թեհրանին է մեղադրում, որն իր հերթին հերքում է դրանք: Ավելի ուշ Իրանում ամերիկյան անօդաչու սարք էր ոչնչացվել, ինչին ի պատասպխան Թրամփը որոշել էր հարված հասցնել Իրանին, սակայն վերջին պահին մտափոխվել էր: