«Վստահ եմ՝ համատեղ ջանքերով կփոխենք Սևծովյան տարածաշրջանում և Ղրիմում իրավիճակը հօգուտ մեզ». Զելենսկին՝ Էրդողանին
Ուկրաինան բարձր է գնահատում իր ռազմավարական գործընկեր Թուրքիայի հետ հարաբերությունները և շնորհակալ է նրան ու երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարցում անփոփոխ դիրքորոշման համար: Այդ մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է իր թուրք գործընկերոջ հետ Անկարայում կայացած հանդիպման ժամանակ, գրում է gordonua.com-ը:
«Շնորհակալ եմ, որ միշտ իրերն իրենց անուններով կոչելու համարձակություն ունեք, մասնավորապես Ռուսաստանի կողմից Ղրիմի օկուպացիայի հարցում: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կփոխենք Սևծովյան տարածաշրջանում և Ղրիմում իրավիճակը հօգուտ մեզ»,- ասել է Զելենսկին:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Թուրքիայի նախագահը ևս մեկ անգամ հայտարարել է, որ Թուրքիան «երբեք չի ընդունի Ղրիմի բռնակցումը»:
Թուրքիայում գտնվող Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է Դոնբասի ենթակառուցվածքների վերականգնմանը մասնակցություն ունենալու:
«Ես թուրքական կողմին հրավիրել եմ միանալու Ուկրաինայի արևելքում ենթակառուցվածքային օբյեկտների վերականգնմանը»,- Էրդողանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
Նախագահը նշել է, որ ակնկալում է թուրքական կողմի ակտիվ մասնակցությունը Դոնբասի վերականգնման միջազգային համաժողովին, որը Կիևը մտադիր է անցկացնել աշնանը՝ Մարիուպոլում (Դոնեցկի մարզ):










