Էլ Պասոյի սուպերմարկետներից մեկում 22 մարդ սպանած երիտասարդը խոստովանել է, որ իր թիրախն են եղել մեքսիկացիները

14:53 • 10.08.19

Մեքսիկայի հետ սահմանին գտնվող ամերիկյան Էլ Պասո քաղաքի սուպերմարկետներից մեկում 22 մարդ սպանած երիտասարդը խոստովանել է, որ իր թիրախն են եղել մեքսիկացիները, հայտնում է NBC հեռուստաալիքը: 

Խոստովանությունը նա արել է ոստիկանությանը հանձնվելուց անմիջապես հետո, սակայն դա հաստատող փաստաթուղթը նոր է հայտնվել լրագրողների մոտ: 

Հիշեցնենք, որ ԱՄՆ Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքի առևտրի կենտրոններից մեկում անցած հանգստյան օրերին հրաձգություն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով 22 մարդ է զոհվել: Տուժածները հիվանդանոց են տեղափոխվել, նրանցից շատերի վիճակը ծայրահեղ ծանր է: Տուժածների թվում 2 երեխա կա: Հրաձգությունը տեղի էր ունեցել շաբաթ երեկոյան: Ոստիկանությունը ձերբակալել է հրաձգության համար կասկածվող 21-ամյա երիտասարդի, որը Դալլաս քաղաքի բնակիչ է: 

Հրաձգության երկրորդ դեպքը գրանցվել էր ԱՄՆ Օհայո նահանգի Դեյթոն քաղաքի բարերից մեկում, ինչի հետևանքով 10 մարդ է զոհվել՝ այդ թվում հրաձիգը, ևս 16-ը տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել: