ԱՄՆ-ն «շատ բան իմացավ» Արխանգելսկի մարզում տեղի ունեցած պայթյունից. Թրամփ

10:29 • 13.08.19

ՌԴ Արխանգելսկի մարզում ռազմական պոլիգոնում փորձակումների ժամանակ տեղի ունեցած պայթյունն օգնել է Միացյալ Նահանգներին շատ բան իմանալ: Այդ մասին Twitter-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Թրամփի խոսքով՝ Վաշինգտոնն ունի նմանատիպ, սակայն «առավել առաջնակարգ» տեխնոլոգիաներ: Իր գրառման մեջ նա հիշատակել է ռուսական «Բուրեվեստնիկ» թևավոր հրթիռը, որը ՆԱՏՕ-ի կոդավորման համակարգում նշվում է որպես Skyfall:

«Ռուսական Skyfall-ի պայթյունը ստիպել է մարդկանց անհանգստանալ պոլիգոնի շուրջը և դրա սահմաններից հեռու օդի մասին: Դա վատ է»,- գրել է Թրամփը:

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, ՌԴ Սարով քաղաքում գտնվող միջուկային կենտրոնի ղեկավարությունը սենսացիոն հայտարարություն էր արել Արխանգելսկի մարզում օրերս տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ՝ հայտարարելով, որ Սպիտակ ծովում միջուկային ռեակտոր է պայթել: Այս կերպ ռուս ֆիզիկոսները կասկածի տակ են դրել ՌԴ պաշտպանության նախարարության ու «Ռոսատոմ»-ի հայտարարությունը:

Սարով քաղաքում գտնվող ՌԴ միջուկային կենտրոնի պաշտոնական հայտարարությունը հրապարակվել է օգոստոսի 11-ին՝ «Колючий Саров» քաղաքային տեղեկատվական թերթի կայքում: Այն նաև ցուցադրել են տեղական հեռուստաընկերությամբ:

Ըստ կենտրոնի տնօրեն Վալենտին Կոստյուկովի և գիտական ղեկավար Վյաչեսլավ Սոլովյովի՝ 5 գիտնականների մահվան պատճառ է դարձել փոքր միջուկային ռեակտորի պայթյունը: Նշվում է, որ երեք գիտնական տուժել է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:   

Միջուկային կենտրոնի ղեկավարը պատմել է, որ ողբերգությունը տեղի է ունեցել ոչ թե պոլիգոնի առափնյա հատվածում, ինչպես ավելի վաղ նշել է ՌԴ ՊՆ-ն, այլ Սպիտակ ծովի ջրային տարածքում:

Նաև նշվել է, որ նոր զենքի փորձարկման նախապատրաստական աշխատանքները տևել են տարուց ավելի:  Թե մասնավորապես ինչ զենքի ստեղծման վրա են աշխատել գիտնականները՝ ֆիզիկոսները չեն հայտնել: Լուրեր են շրջանառվում, որ խոսքն անսահմանափակ հեռահարության միջմայրցամաքային հրթիռի մասին է, որի մասին ժամանակին հայտնել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: 

Ծովային պոլիգոնում պայթյունը տեղի էր ունեցել օգոստոսի 8-ին: Ըստ ՊՆ-ի պաշտոնական վարկածի՝ ողբերգությունը տեղի է ունեցել «հեղուկային ռեակտիվ շարժիչային սարքի փորձարկումների» ժամանակ:

Ծովի այդ հատվածը մինչև սեպտեմբերի 10-ը փակ կլինի նավագնացության համար: Արգելված գոտու ընդհանուր մակերեսը մոտ 230 ք/կմ է: