Վրաստանի վարչապետի թեկնածուի պաշտոնում առաջադրվել է ցուցարարների «թիրախում» հայտնված Գեորգի Գախարիայի թեկնածությունը

12:52 • 03.09.19

Վրաստանի վարչապետի պաշտոնից Մամուկա Բախտաձեի հեռանալուց հետո իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն այդ պաշտոնում առաջադրել է ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի թեկնածությունը: Այս մասին երեքշաբթի լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է իշխող կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին:

«Քաղխորհրդի ժամանակ ես առաջարկեցի Գեորգի Գախարիայի թեկնածությունը և լիակատար աջակցություն ստացա»,-հայտնել է Իվանիշվիլին:

Ինչպես հայտնել է Գախարիան, առաջիկայում նա խորհրդարանին կներկայացնի նախարարների կաբինետի նոր կազմը:

Ria.ru-ի հաղորդմամբ՝ Մամուկա Բախտաձեն, որը վարչապետի պաշտոնը ստանձնել էր 2018-ի ամռանից ի վեր, երկուշաբթի հայտարարել է վարչապետի պաշտոնից հեռանալու մասին: Վարչապետի թեկնածուներին իրավունք ունի առաջադրել խորհրդարանական ընտրություններում լավագույն արդյունքը գրանցած քաղաքական կուսակցությունը, տվյալ դեպքում՝ իշխող կուսակցությունը՝ «Վրացական երազանք»-ը:

Գախարիայի անունը, որը երկրում ամենահայտի նախարարներից մեկն է, շահարկվել էր Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցած ցույցերի ժամանակ, որոնք սկսվել էին հունիսի 20-ին` ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառով, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: Նիստի մեկնարկից հետո նա նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել: Ցուցարարները ոստիկանների և ցուցարարների միջև բախումներից հետո, որոնց հետևանքով բազմաթիվ մարդիկ էին տուժել, պահանջել են Վրաստանի ներքին գործերի նախարար Գախարիայի հրաժարականը:

Աղբյուրը հաղորդում է, որ այժմ էլ պարբերաբար ցույցեր են կազմակերպվում՝ Գախարիայի հրաժարականի պահանջով:

Ավելի վաղ Tert.am-ը հաղորդել էր Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հրաժարականի մասին:

«Ես որոշել եմ հրաժարական տալ, քանի որ գտնում եմ, որ կատարել եմ իմ առաքելությունն այս փուլում»,- գրել էր Բախտաձեն իր ֆեյսբուքյան էջում: