«Միխայիլ Խաչատուրյանը դուստրերից մեկին բռնությամբ սեռական մերձեցման է պարտադրել». հորը սպանած Խաչատուրյան քույրերի փաստաբանները գործի վերաբերյալ նոր մանրամասներ են հրապարակել

12:27 • 15.10.19

Ավելի քան մեկ տարի է` ՌԴ-ում դատարանը քննում է հորը դաժանորեն սպանած Խաչատուրյան քույրերի գործը: Վերջերս գործի առնչությամբ ցնցող մանրամասներ են ի հայտ եկել, գրում է РИА Новости-ն:

Անցյալ տարվանից հանրությունը հետևում է Խաչատուրյան քույրերի ճակատագրին (20-ամյա Քրիստինայի, 19-ամյա Անգելինայի, 18-ամյա Մարիայի): 

Ըստ քույրերի փաստաբանի` Խաչատուրյանը հատուկ «զանգ» է ունեցել, որի օգնությամբ նա դուստրերին կանչում էր իր մոտ և տարբեր հրահանգներ տալիս` ուտելիք, խմիչք բերել, կանգնել կողքը, մինչև նա չքնի և այլն:

Տանը հատուկ կանոններ են գործել, որոնց չհետևելու դեպքում հայրը դաժանորեն պատժել է դուստրերին: Փաստաբանների խոսքով` հայրը նույնիսկ մի քանի անգամ օդամղիչ ատրճանակով կրակել է աղջիկների ուղղությամբ:

Ուսումնասիրելով բոլոր փաստերը` իրավապահ մարմինները, այնումենայնիվ, համոզվում են, որ աղջիկները, ամեն դեպքում, երկար ժամանակ հոր ծաղրուծանակի զոհն են եղել:

Михаил Хачатурян

Վերջերս հայտնի են դարձել դատաբժշկական փորձաքննության մանրամասները: Երկար ժամանակ փորձագետներն ուսումնասիրել են գործի բոլոր մասնրամասները` Միխայիլ Խաչատուրյանի հոգեբանական պատկերի վերաբերյալ եզրակացություն տալու համար:

Ըստ mash.ru-ի տվյալների` դատաբժշկական փորձագետները պարզել են, որ Խաչատուրյանը հոգեկան խանգարումներ է ունեցել, որի հետևանքով նրա մոտ ագրեսիայի ծայրահեղ դրսևորումներ են եղել:

Բացի դրանից` Խաչատուրյանը «հիպերդերային համախտանիշ» է ունեցել, ինչը ենթադրում է կանանց հանդեպ ծայրահեղ ատելության դրսևորումներ և նրանց նսեմացնելու շարունակական ցանկություն:

Այս ամենի համատեքստում նաև պարզ է դարձել, որ Խաչատուրյանը դուստրերից մեկին բռնությամբ սեռական մերձեցման է պարտադրել: Աղբյուրը չի նշում, թե քույրերից հատկապես ով է ենթարկվել նման բռնության, սակայն հայտնի է, որ այն կես տարուց ավելի է ձգվել:

Փաստաբանները հույս ունեն, որ գործի բոլոր հանգամանքների ուսումնասիրության արդյունքում պաշտպանյալները վերջիվերջո ազատ կարձակվեն:

 

Հունիսին ՔԿ-ն քույրերի դեմ վերջնական խմբագրմամբ մեղադրանք էր առաջադրել՝ «Նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից իրականացված սպանություն» հոդվածով: Այս հոդվածով նրանց սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանը 2018թ. հուլիսին սպանված էր հայտնաբերվել իր մոսկովյան տանը: Նրա դիակի վրա հայտնաբերվել էին բազմաթիվ վնասվածքներ: Տղամարդու 3 դուստրերը ձերբակալվել էին:

Նշվում է, որ Միխայիլ Խաչատուրյանը տարիներ շարունակ երեք քույրերին ենթարկել է ֆիզիկական և սեռական բռնության: Քույրերի պաշտպանությունը, ինչպես նաև հանրությունը պնդում են, որ աղջիկների գործողությունները կրել են ինքնապաշտպանական բնույթ և չեն կարող դիտարկվել որպես նախապես պայմանավորված խմբակային հանցագործություն: