Արսեն Թորոսյանի արդեն նախկին տեղակալի հայրն ԱԱԾ-ում է. նախկին փոխնարարարը հերքում է՝ ազատման պատճառը հայրը չէ

16:18 • 16.10.19

Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) առողջապահության փոխնախարարներից մեկի հայրը փողերի լվացման գործով ներգրավված է որպես կասկածյալ: Այս մասին 168.am-ին  հայտնել է նախարարությանը մոտ կանգնած աղբյուրը: 

Աղբյուրը, սակայն չի նշել, թե նախարար Արսեն Թորոսյանի ո՞ր  տեղակալի մասին է խոսքը, ի՞նչ փողեր են դրանք, միայն ակնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի անունը՝  նշելով, որ պետական նվիրատվության  գումարների հետ կապված խնդիր է:

ԱԱԾ-ից 168.am-ին հայտնել են, որ Հիմնադրամի գործով նոր բացահայտում կա։

Դեռևս չճշտված տեղեկությունների համաձայն՝ խոսքը Արցախի մի քանի շրջաններին շուրջ 150 մլն դրամի գույքի մատակարարման համար կնքած գործարքի մասին է, որն արվել է, սակայն գույքը տեղ չի հասել: 

Երեկ հայտնի էր դարձել, որ աշխատանքից ազատվել է Արսեն Թորոսյանի տեղակալներից Հովհաննես Հարությունյանը։

1in.am-ի հետ զրույցում արդեն նախկին փոխնախարարը նշել է, որ իր հայրն իր ազատման հետ որևէ կապ չունի։

«Աշխատանքից ազատման վերաբերյալ էլ ոչ մի մեկնաբանություն չեմ ցանկանում տալ»,- ասել է Հովհաննես Հարությունյանը։

Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե իր պաշտոնանկության առանցքային պատճառը հոր գործոնն է, որը «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ իրականացվող ԱԱԾ գործողությունների արդյունքում հայտնվել է իրավապահների տեսադաշտում, Հովհաննես Հարությունյանն ասել է․ «Իմ հոր հարցը ի՞նչ կապ ունի իմ աշխատանքի հետ»։