Որևէ կերպ սա չեմ կապի քաղաքական իրավիճակների հետ. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ ոստիկանի սպանության մասին (տեսանյութ)
Հանցագործները, պարզվել է, թե ովքեր են և իմ տեղեկություններով՝ ձերբակալված են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով ոստիկան Տիգրան Առաքելյանի սպանության դեպքին:
Խաչատրյանը պատմեց, որ ոստիկանները բավական արհեստավարժ են գործել, սակայն հանցագործներից մեկը վերցրել է ոստիկանության ծառայողական զենքը և կրակել ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով ոստիկաններից մեկը մահացել է:
«Հանցագործները պարզվել է, թե ովքեր են և իմ տեղեկություններով՝ ձերբակալված են: Սակայն որևէ բացահայտում, կամ հաջողված օպերացիա այլևս հետ չի բերի զոհված ոստիկանի կյանքը: Այդ ստահակները հանդգնել են նման արարք թույլ տալ, գնդակահարել ծառայություն իրականացնող ոստիկանին»,- նշեց նա:
«Որևէ կերպ սա չեմ կապի քաղաքական իրավիճակների կամ դիրքորոշումների, տրամադրվածությունների հետ: Նրանք հանցագործներ են և նրանց համար սեփական շահից բացի որևէ բան չի հետաքրքրում: Ցավոք սրտի, նրանք բոլոր հասարակարգերում և բոլոր ժամանակներում կան»,-ասել է Խաչատրյանը:
Պատգամավորը ներկայացրեց, որ հանցագործները եղբայրներ են, որոնցից մեկը անչափահաս է: Խաչատրյանը նշեց նաև, որ ըստ նրան հասած տեղեկությունների՝ կրակողը անչափահասն է եղել:









