Ոստիկանության համար կապ չունի, թե ովքեր են իշխանության գլխին. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյան (տեսանյութ)

14:07 • 16.10.19

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը Tert.am-ի այն հարցին, թե կոնկրետ ոստիկանությունում հայեցակարգային փոփոխությունների վերաբերյալ քննարկումներում ի՞նչ շոշափելի փոփոխությունների մասին է խոսվում, պատասխանեց.

«Ոստիկանությունն այսօր գերծանրաբեռնված ռեժիմով է աշխատում, բավականին մեծ խնդիրներ կան ոստիկանության առաջ, որոնք նա պետք է լուծի: Սակայն ոստիկանությունն անհրաժեշտ գործիքակազմ չունի: Ներկայումս գործուն միջոցներ են իրականացվում այս ուղղությամբ, ունենք ոստիկանության նոր պետ, կադրային որոշակի տեղաշարժեր կան»,- ասաց նա:

«Կադրերի այս նշանակումները, կարծում եմ, կարճ ժամանակում կտան իրենց արդյունքները։ Ոստիկանության համար կապ չունի, թե ովքեր են իշխանության գլխին: Ես չեմ ընդունում այդ ձևակերպումը, թե օրվա իշխանությունը այն ծառայեցնում է իր շահերին»,- նշեց Խաչատրյանը:

Խաչատրյանը հավելեց, որ ներկայիս իշխանությունն ավելի մեծ պահանջներ է դնում ոստիկանության առաջ, հիմնականում նրա համար, որ ոստիկանությունը պատշաճ և ամբողջապես իրականացնի իր առջև դրված խնդիրները:

«Որևէ աղմկահարույց նշանակում չկա: Ոստիկանապետի կուրսի հետ նշանակվածների մեծ մասը որևէ կապ չունի: Ասեմ ավելին, նշանակումների մի մասը իրականացվել է պարոն Օսիպյանի ժամանակ»,- նշեց նա:

Անդրադառնալով նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի, հետագայում արդեն վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատվելու թեմային՝ Խաչատրյանն ասաց, որ ոչ մի լարվածություն այստեղ չի տեսնում: «Հավանաբար Վալերիյ Օսիպյանը նպատակահարմար է գտել զբաղվել այլ աշխատանքով»,- ասաց նա: