Կառավարությունը պլանավորում է մինչև 2020–ի հոկտեմբերի 10-ը Հայաստանում տնկել 10 մլն ծառ. Փաշինյան
ՀՀ կառավարությունը հավակնոտ ծրագիր է մշակել, որով պլանավորվում է մոտ մեկ տարվա ընթացքում՝ մինչև 2020 թվականի հոկտեմբերի 10-ը, Հայաստանում տնկել 10 մլն ծառ, այս մասին «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. փոխակերպելով բանականությունը» ամենամյա համաժողովի բացման արարողության իր ելույթում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ դա կխորհրդանշի 10 մլն հայության միասնությունը Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության շուրջ և Հայաստանի Հանրապետությունում։
«Ես շատ կարևոր եմ համարում, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես մենք կարողանանք հաղթահարել վախերը՝ ոչ միայն տեխնոլոգիաների նկատմամբ, այլև մեր բոլոր վախերը, որովհետև թերևս վախն այն ամենակարևոր գործոնն է, որ միշտ ամենուր, ամեն տեղ խոչընդոտում է զարգացումը, խոչընդոտում է առաջընթացը, խոչընդոտում է հաղթանակի հասնելու մեր ձգտումը: Եվ ես հույս ունեմ, որ «Գլոբալ ինովացիոն ֆորումի» անցկացումը Հայաստանի Հանրապետությունում Հայաստանին, Հայաստանի ժողովրդին, հայ ժողովրդին և ընդհանրապես, մարդկությանը կօգնի հաղթահարել և կառավարել գլոբալ վախերը: Եվ սա կլինի, թերևս, ամենակարևոր արդյունքը, որին մենք պիտի ձգտենք ոչ միայն այսօր, այլև ընդհանրապես առաջիկայում: Եվ ես հաջողություն եմ մաղթում «Գլոբալ ինովացիոն ֆորումին»:
Տեխնոլոգիան՝ տեխնոլոգիա, հարգելի ներկաներ, բայց ես, ձեր թույլտվությամբ, ուզում եմ անել մի հայտարարություն, որը կապված է մտածողության ամենասկզբնական և ամենաավանդական կերպի հետ: Ես այդ հայտարարությունն անելուց առաջ ուզում եմ բեմ հրավիրել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին և FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանին:
Հայտարարությունը հետևյալն է՝ մեր կառավարությունը շատ ամբիցիոզ մի ծրագիր է մշակել, որը պիտի իր գագաթնակետին հասնի 2020 թվականի հոկտեմբերի 10-ին: Այդ օրը մենք պլանավորում ենք Հայաստանի Հանրապետությունում տնկել 10 մլն ծառ 10-րդ ամսի 10-րդ օրը, որը կխորհրդանշի 10 մլն հայության միասնությունը Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության շուրջ և Հայաստանի Հանրապետությունում»,– ասել է վարչապետը:









