Տեղի ունեցավ հայկական «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերան

11:51 • 18.10.19

Հոկտեմբերի 17-ին «ԿինոՊարկ» կինոթատրոնում կայացավ հայ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի նախադիտումը, որին հաջորդեց ֆիլմի ստեղծագործական խմբի մամուլի ասուլիսը:

Ֆիլմում գերմանացի լրագրող հիսունամյա Ռոբերտ Ստերնվալը 2016 թ․ վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում  նա ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի երեսունհինգամյա Սոֆիա Մարտիի հետ։ Ռոբերտի և Սոֆիայի հաճախակի հանդիպումները արթնացնում են փոխադարձ սիրո զգացմունքը, սակայն պարզվում է, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, ում 1992թ․՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գյուղում՝ գերեվարության մեջ, ապա յուրացրել նրա՝ մարտի դաշտում արված լուսանկարները:

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի խոսքով՝ ֆիլմի ստեղծման վրա աշխատել են շուրջ 40 ամիս: Դժվարությունները շատ են եղել, սակայն ստեղծագործական թիմը ճգնաժամերը հաղթահարել է բացառապես աշխատելով:

«Դրախտն այն վայրն է, որտեղ անձն իրեն լիարժեք է զգում: Մարդը կարող է ունենալ ամեն ինչ, բայց թերի զգալ և կարող է ունենալ ժառանգություն ստացած մի ընկուզենի, բայց լիարժեք երջանիկ լինել՝ ինչպես դրախտում: Յուրաքանչյուրի համար գոյություն ունի դրախտը երկրի վրա, ինձ համար դրախտն Արցախն է, առհասարակ, հայության համար դրախտի դարպասները Արցախում են: Առաջին հերթին մենք փորձել ենք ստեղծել արվեստի բարձրարժեք գործ: Միջազգային պրոդյուսերական կազմով թևակոխել ենք նոր փուլ,  շատ կարևոր շրջան, որն է՝ ֆիլմի տարածումն ամբողջ աշխարհում: Ֆիլմն ունի անհրաժեշտ նախադրյալները միջազգային հանրությունում ցուցադրվելու համար: ՄԵնք հանդիպել ենք ադրբեջանական խոչընդոտների, բայց կրկնակի, եռակի անգամ հանդիպել ենք լուսավոր մարդկանց, ովքեր մեզ աջակցել են: Ես հավատում եմ, որ ֆիլմը դիտելու են միլիոնավոր մարդիկ»,- ասաց  ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը:

Պրոդյուսերական կազմը համակարծիք է, որ ֆիլմը վեր է հանում հայերի համար օրհասական, սակայն միջազգային հանրությունում քիչ տարածում ունեցող խնդիր՝ Արցախյան հիմնախնդիրը: Ֆիլմը բոլոր չափանիշներով համապատասխանում է միջազգային ստանդարտներին: «Դրախտի դարպասը» ֆիլմի ստեղծման նպատակներից է՝ զարգացնել հայկական կինոարտադրությունը և դառնալ համաշխարհային փառատոնների մի մասը:

«Ղարաբաղյան կոնֆլիկտի մասին շատերը չգիտեն, սակայն մենք ունենք նման հրաշալի ռեժիսորներ, ովքեր այսչափ գեղեցիկ կերպով բարձրաձայնում են առկա խնդիրները: Իսկզբանե տեսնելով Ջիվան Ավետիսյանի ֆիլմերը՝ տպավորված էի: Այս ֆիլմի արտադրության ժամանակ նա ինձ հիացրեց իր ձգտումով, էներգիայով և դրական մոտեցմամբ: Կարող եմ վստահությամբ ասել՝ Ֆրանսիայում այս ֆիլմին մեծ լսարան է սպասում»,- ասաց  ֆիլմի համապրոդյուսեր Անգելիկա Շոուլերը:

Ֆիլմն ունի 7 համաարտադրող երկիր՝ ԱՄՆ, Լիտվա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Բուլղարիա և Չեխիա: Խաղում են դերասաններ Գերմանիայից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Լիտվայից:

«Դրախտի դարպասը» ֆիլմում կարևորագույն պատգամը մարդ մնալն է: Կարևոր չէ, թե ինչ ազգություն ունես և որ պետությունում ես ծնվել, կարևոր է, թե ինչքան արդար և ազնիվ ես քո խղճի նկատմամբ:  Ֆիլմում գլխավոր հերոսները 2 են, բայց իրականում նրանց հետ պատահածը բոլորի մասին է: Ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը աշխարհահռչակ դերասան Ռիխարդ Զամելն է:

«Մինչև սցենարին ծանոթանալը ես չէի լսել Արցախի մասին, հակամարտության մասին էլ աղոտ ինֆորմացիայի էի տիրապետում, սակայն արտասահմանյան մամուլում դրա մասին չի խոսվում: Մեզ վրա կար ճնշում ադրբեջանական կողմից, որպեսզի մենք չմասնակցենք ֆիլմի նկարահանումներին, բայց կա հակամարտություն, կա պատմություն և ես ուզում եմ մասնակցել այս պատմությունը պատմելու գործընթացին: Աշխարհը չգիտի, թե ինչ է կատարվել և կատարվում Արցախում, բայց աշխարհը պետք է իմանա: Երբ գնացի Ղարաբաղ, իսկապես զարմացած էի, թե որքան սրտաբաց և աջակցող էին տեղի մարդիկ: Ես ինձ համար բացահայտեցի տեղի մշակույթը և Ղարաբաղյան հակամարտության հիմքերը: «Դրախտի դարպասը» ֆիլմն ինձ համար հնարավորություն է՝ աշխարհին պատմելու, թե ինչ է կատարվել»,- ասաց ֆիլմի գլխավոր հերոս գերմանացի դերասան Ռիխարդ Զամելը:

Կոնֆլիկտներն ու պատերազմերն ուղեկցել են մարդկությանը՝ պատմության ամենավաղ փուլերից: Բոլոր ժամանակներում էլ բարդ է եղել այդ պատերազմների մասին ճշմարտությունը տեղ հասցնելը, քանի որ պատմությունը գրում են միայն հաղթողները: Ֆիլմը մի կողմից հենց այդ մասին է ․ արյունահեղությունները, որոնք, ինչպես Ղարաբաղյան պատերազմի դեպքում, ավարտվում են միայն թղթի վրա և պարբերաբար վերսկսվում ավելի մեծ ուժով, մյուս կողմից՝ առաջ է քաշվում գողության արատավոր երևույթը, ինչը բնորոշ է մարդկության բոլոր ժամանակներում:

Ֆիլմի սիրային մելոդրաման տանում է ավելի խորը մարդկային դրամայի: «Դրախտի դարպասը» ֆիլմի դերասաններն են՝ Ռիխարդ Զամելը, Տատյանա Սպիվակովան, Սոս Ջանիբեկյանը, Նաիրա Զաքարյանը,  Նինա Կրոնյագերը, Բենեդիկտ Ֆրեյթագը և այլք:

«Gate to heaven». հայկական արտադրության ֆիլմն այլևս «ԿինոՊարկ» -ի մեծ էկրանին է:

 

 













 Լրագրող՝ Լուսինե Զարայելյան