Դի Կապրիոյի գործընկերը պատմել է, որ նրան դժվարությամբ է համոզել նկարահանվել «Տիտանիկ» ֆիլմում
Հայտնի ամերիկացի դերասան, Փոլ Ռադը պատմել է, որ ժամանակին լեգենդար «Տիտանիկ» ֆիլմի ճակատագիրը վտանգված է եղել: Ըստ նրա՝ Լեոնարդո Դի Կապրիոն ցանկացել է հրաժարվել իրեն առաջարկվող դերից՝ նախագծի մասշտաբի և ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի հեղինակության պատճառով, հաղորդում է Life.ru-ն:
Ըստ աղբյուրի՝ դերասանն ասել է, որ ինքն է մի երեկո բարում համոզել Դի Կապրիոյին ռիսկի դիմել և ընդունել գլխավոր դերում նկարահանվելու առաջարկը: Ի դեպ, այդ ժամանակ Ռադն ու Դի Կապրիոն արդեն միասին նկարահանվել էին «Ռոմեո և Ջուլիետ» ֆիլմում:
«Նա անընդհատ ասում էր՝ «Չգիտեմ ինչ անել»: Ես ասացի. «Պետք է համաձայնել», - ասել է Փոլ Ռադը:
Նշենք, որ ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը «Տիտանիկ» աղետ-ֆիլմը նկարահանել է 1997 թվականին: Գլխավոր դերակատարներն են Քեյթ Ուինսլեթը և Լեոնարդո ԴիԿապրիոն։ «Տիտանիկ»-ը ռեկորդ է սահմանել՝ դառնալով կինեմատոգրաֆի պատմության մեջ ամենաեկամտաբեր ֆիլմը՝ ամբողջ աշխարհում վարձույթում հավաքելով ավելի քան 1,8 միլիարդ դոլար, և այդ նվաճումը պահպանել է 12 տարի: Ֆիլմը նաև ռեկորդային՝ 14 անվակարգում ներկայացվել է «Օսկար»-ի, արդյունքում ստացել է 11 Օսկար, ներառյալ՝ 1997 թվականի «Լավագույն ֆիլմ»:










