Ես պնդում եմ, որ Արսեն Բաբայանը քաղբանտարկյալ է. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)

19:41 • 22.10.19

Ես պնդում եմ, որ Արսեն Բաբայանը քաղբանտարկյալ է: Այս մասին ի աջակցություն ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի իրականացվող ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

«Քաղբանտարկյալ է հենց այն կետով, որ նա այս պայմաններով չէր կարող ազատությունից զրկված լինել, հիմքը չկար: Դա ինքնին չէր նշանակի քաղաքական բանտարկյալ, եթե քաղաքական էլեմենտ չլիներ, իսկ քաղաքական էլեմենտն ակնհայտ է, դա իշխանությունների, կարծեմ` ակնհայտ ձևով հայտարարված, վկայակոչված քաղաքականությունն է` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից ձերբազատվելու և Սահմանադրական դատարանը վերահսկողության տակ վերցնելու»,-մեկնաբանեց Մելիքյանը` ընդգծելով, որ այս պահի դրությամբ երկրում շատ հստակ քաղաքականություն է իրականացվում Հրայր Թովմասյանի նկատմամբ «կոլցո» օպերացիա իրականացնելու համար:

Անդրադառնալով ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին՝ պաշտոնական կեղծիք կատարելու մասով հարուցված քրեական գործին` Ռուբեն Մելիքյանն ասաց. «Քանի որ ՔՕ 314 հոդվածը համաներման հոդված է, ես մի բան նշեմ` անկախ ամեն ինչից, եթե մեղադրանքն առաջադրվեր 314-ով, ինչպես կասկածն է առաջադրվել, եթե անգամ այդ գործը հասներ դատարան, դատարանն այդ անձին դատապարտեր, որևէ բացասական հետևանք Արսեն Բաբայանի ազատության համար սա չէր կարող առաջացնել: Արսեն Բաբայանին չպետք է ձերբակալեին»:

Նրա կարծիքով`այն բողոքի ալիքը, տարակուսանքի ալիքը, բացասական վերաբերմունքը, որ երեկվանից հասարակության մեջ սկսվեց, ստիպել է իրավապահ մարմիններին, որ մեկ այլ հանցակազմ գտնեն, և այդ մեղադրանքը իշխանությանը զավթելուն օժանդակելու մեղադրանքն է: «Մենք ակնկալում ենք, որ այս գիշեր Արսեն Բաբայանն իր ընտանիքի հետ է անցկացնելու, ես ակնկալում եմ, որ մենք մի օր վերջ ենք տալու մեր` գնալով ցածրության նոր մակարդակներ գրանցող իրավական մշակույթի քանդման պրոցեսին: Ես հույս ունեմ, որ դա դեռ հնարավոր է»,-ասել է Մելիքյանը:

Հիշեցնենք, որ երեկ ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը: Այժմ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ քննվում է Արսեն Բաբայանի ձերբակալության դեմ փաստաբանների բողոքը: Արսեն Բաբայանի աջակիցները բողոքի ակցիա են կազմակերպել դատարանի դիմաց: