«Ինչպե՞ս է Ջորջ Մարտինը մեզ վստահել իր ամբողջ կյանքի գործը». «Գահերի խաղ»-ի սցենարիստները խոստովանել են իրենց ոչ կոմպետենտությունը

12:11 • 29.10.19

Ամերիկյան «Գահերի խաղը» հայտնի հեռուստասերիալի սցենարիստներ Դևիդ Բենիոֆը և Դ. Բ. Ուայսն Օսթինի կինոփառատոնի ժամանակ երկրպագուներին խոստովանել են իրենց ոչ կոմպետենտությունը՝ նշելով, որ պատրաստ չեն եղել էկրանավորել նման մեծ սագան, գրում է Vanity Fair-ը:

«Ես չգիտեմ՝ ինչպես է Ջորջ Մարտինը («Սառույցի և կրակի երգ» գրքաշարի հեղինակ) մեզ վստահել իր ամբողջ կյանքի գործը»,- ասել է Բենիոֆը:

Երկու սցենարիստներն էլ նշել են, որ սցենարը գրելիս դերասաններին և կոստյումներն ընտրելիս լուրջ սխալներ են թույլ տվել: Ուայսն իրենց աշխատանքն անվանել է «փորձաշրջան թանկարժեք կինեմատոգրաֆիական դպրոցում»: Քանի որ պիլոտային սերիան ձախողվել էր, նրանց շատ է զարմացրել, որ HBO հեռուստաալիքը նրանց թույլ է տվել շարունակել շոուի վրա իրենց աշխատանքը:

Սցենարիստներն ասել են, որ հնարավորին չափ պատմությունից դուրս են մղել ֆանտաստիկայի տարրերը, քանի որ նրանց թվացել է, որ դրանք չափազանց շատ են եղել:

Ավելի վաղ Բենիոֆը և Ուայսը խուսափել են լրագրողների՝ երկրպագուների քննադատություններին վերաբերող հարցերից:

Երկրպագուները և նույնիսկ ինքը՝ Ջորջ Մարտինն ակտիվորեն քննադատել են «Գահերի խաղ»-ի եզրափակիչ եթերաշրջանը, սակայն շոուն, այնուամենայնիվ, «Էմմի» մրցանակի է արժանացել՝ որպես լավագույն սերիալ և տղամարդու երկրորդ պլանի դերակատարման համար:

 

«Ինչպե՞ս է Ջորջ Մարտինը մեզ վստահել իր ամբողջ կյանքի գործը». «Գահերի խաղ»-ի սցենարիստները խոստովանել են իրենց ոչ կոմպետենտությունը