«Հայոց ցավերը կարող է ամոքել միայն Թուրքիայի խորհրդարանը, որի մի անդամն էլ ես եմ». Կարո Փայլան
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված բանաձևի ընդունմանը:
Իր ֆեյսբուքյան էջում Փայլանը, մասնավորապես, գրել է. «Տասնյակ խորհրդարաններից հետո Հայոց ցեղասպանությունը ճանաչեց նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը: Մեր ցավը դարձավ այլ երկրների խորհրդարանների քննարկման նյութ, քանի որ մեր երկիրը 105 տարի է, ինչ ուրանում է այն: Հայոց վերքերը կարող է ամոքել միայն Թուրքիայի խորհրդարանը, որի մի անդամն էլ ես եմ»:
Հայազգի պատգամավորը նշել է նաև, որ ամբողջ աշխարհը գիտի Հայոց ցեղասպանության մասին, բայց այն ժխտում է մի երկրի խորհրդարան, որի տարածքում է տեղի ունեցել այդ ցավը: Փայլանի խոսքով, եթե աշխարհում կա մի խորհրդարան, որ պետք է քննարկի Հայոց ցեղասպանության հարցը, դա Թուրքիայի խորհրդարանն է:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից բանաձևին կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։










