Ճիշտ կլինի Արսեն Բաբայանի պաշտպանները կապվեն Վահագն Թևոսյանի հետ, վստահ եմ՝ կերաշխավորի նրան ապօրինի կալանքից ազատելու համար․ Անի Հովհաննիսյան

13:34 • 31.10.19

«Անալիտիկ» կայքի հիմնադիր Անի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանի գրառմանը՝ Արսեն Բաբայանի մասին։

Անի Հովհաննիսյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանն իր ՖԲ էջում գրել է. «Կապվեցի ՀՔԾ, Արսեն Բաբայանի՝ մերձավորների հետ հանդիպման արգելքը հանվել է»:

Կարծում եմ՝ ճիշտ կլինի Բաբայանի պաշտպանները կապվեն Թևոսյանի հետ՝ վստահ եմ՝ պատրաստակամ է և երաշխավորագիր կտա՝ քաղբանտարկյալ Բաբայանին ապօրինի կալանքից ազատելու համար:

Շնորհակալություն Թևոսյանին, որ հասկանում է ապօրինի քաղաքական հետապնդումների վտանգավորությունը և հետաքրքրված է Արսեն Բաբայանի գործով: Սա ողջունելի է և ակնկալում եմ Թևոսյանի աջակցությունը՝ քաղբանտարկյալ Արսեն Բաբայանի դեմ հետապնդմանը վերջ տալու հարցում:

Ի դեպ,իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը և Արցախի Հանրապետության ՄԻՊ Արտակ Բեգլարյանը երաշխավորագրեր էին ներկայացրել հսկող դատախազին՝
միջնորդելով Արսեն Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոփոխել և Արսեն Բաբայանին ազատ արձակել:

Այս երաշխավորագրերի հետ կապված որևէ նորություն դեռ չկա, խնդրում եմ Վահագն Թևոսյանին զանգել նաև Գլխավոր դատախազություն՝ հասկանալու համար, թե ինչ ճակատագրի են արժանացել այդ երաշխավորագրերը: Եթե դրանք մերժվել են, ապա խնդրում եմ Թևոսյանին իր ծանրակշիռ երաշխավորագրով միջնորդություն ներկայացնել դատախազություն: