13-ամյա Մոցարտի դիմանկարն աճուրդի կհանվի Փարիզում
Տասներեքամյա Մոցարտի դիմանկարը Christie’s աճուրդի տան կողմից Փարիզում աճուրդի կհանվի նոյեմբերի 27-ին, գրում է France Info-ն:
Աշխատանքը գնահատվել է 800 հազար եվրոյից 1 միլիոն 2 հարյուր հազար եվրո: Ըստ տեղեկությունների՝ դիմանկարի հեղինակը 18-րդ դարի իտալացի գեղանկարիչ Ջամբետտինո Չինյարոլին է:
«Սովորաբար, գնորդներին գրավում է նկարի հեղինակը, սակայն այս դեպքում՝ բովանդակությունը, այսինքն՝ Մոցարտը»,- ասել է Աստրիդ Սենտները՝ Christie’s աճուրդի տան փարիզյան մասնաճյուղի հնագույն գեղանկարների բաժնի ղեկավարը:
Մասնագետները վիճում են նկարում պատկերված նոտաների շուրջ:
«Որոշ մասնագետներ կարծում են, որ ստեղծագործության հեղինակը Վենետիկից Բալտազար Գալուպպին է, որոշներն էլ հակված են կարծելու, որ դա հենց Մոցարտի ստեղծագործությունն է, որը հետագայում կորել է»,- նշել է Սենտները:
Մոցարտի՝ մանուկ հասակում արված դիմանկարներ քիչ կան: Հնարավոր է՝ սա երիտասարդ կոմպոզիտորի վերջին դիմանկարն է:
Հատկանշական է, որ հայտնի են դիմանկարի ստեղծման հանգամանքները և պատվիրատուն (պատվիրատուն Վենետիկից հարկահավաք Պյետրո Լուջատին է): Կոմպոզիտորի հայրը կնոջն ուղղված նամակում գրել է, որ 1770 թվականի հունվարի 6-ին և 7-ին Վերոնայում հաջողված համերգից հետո Վոլֆգանգ Ամադեուսի դիմանկարն են նկարել:










