3,7 սանտիմետր երկարություն ունեցող ատամը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում

16:28 • 31.10.19

Գերմանական Օֆֆենբախ քաղաքում ատամնաբույժը ռեկորդային երկարություն ունեցող ատամ է հեռացրել, գրում է UPI պորտալը:

Ատամնաբույժ Մաքս Լուկասին է դիմել սուր ատամնացավ ունեցող այցելուն: Ուսումնասիրելով ատամը՝ ատամնաբույժը հայտնաբերել է, որ այն անոմալ երկարություն ունի:

Երբ ատամը հեռացվել է, պարզվել է, որ այն 3,7 սանտիմետր է, ինչը ռեկորդային է համարվում:

Միջադեպը տեղի է ունեցել դեռևս 2018 թվականին, սակայն այս մասին հայտնի է դարձել միայն այժմ, քանի որ այս ամբողջ ժամանակահատվածում ատամնաբույժը պատրաստել է անհրաժեշտ փաստաթղթերը՝ ատամը Գինեսի ռեկորդների գրքում գրանցելու համար:

Վերջերս բժիշկը ստացել է համապատասխան վկայագիրը: Լուկասն ասում է, որ վկայագիրը հատուկ տեղ է զբաղեցնելու իր աշխատասենյակում: