«Մինչև մարդիկ ճիգ չգործադրեն, նշանակալի փոփոխություններ չեն գրանցվի». Ջուլիանա Մուրը խոսել է սեռական բռնության դեմ #MeToo շարժման մասին
Հոլիվուդյան դերասանուհի Ջուլիանա Մուրը հայտնել է, որ սեռական բռնության դեմ #MeToo շարժումը «բազմաթիվ դռներ է բացել հանրության առաջ, սակայն նշանակալի փոփոխություններ չեն գրանցվի այնքան ժամանակ, մինչև մարդիկ ճիգ չգործադրեն», գրում է Daily Mail-ը:
58-ամյա դերասանուհին վերջերս ES ամսագրին տված հարցազրույցում խոսել է #MeToo և Time’s Up սեռական ոտնձգությունների և սեռական բռնության դեմ շարժումների կարևորության, տարիքի վերաբերյալ կարծրատիպերի և անձնական ու մասնագիտական կյանքը համատեղելու մասին:
Դերասանուհու խոսքով՝ դրանք ամենասթափեցնող շարժումներն էին, որ երբևէ գոյություն են ունեցել, «քանզի ստիպեցին մարդկանց գիտակցել մեր ոլորտում առկա անհավասարությունը»:
«Մեր առջև դռներ են բացվել, սակայն նշանակալի փոփոխություններ չեն գրանցվի այնքան ժամանակ, մինչև մարդիկ ճիգ չգործադրեն»,- հավելել է դերասանուհին:
Խոսելով Հոլիվուդում տարիքի վերաբերյալ կարծրատիպերի մասին՝ Մուրն ասել է. «Տարիքը թաքցնելը կամ քողարկելն ինձ պարզապես հունից հանում է: 50 տարեկան լինելու մեջ ոչ մի սարսափելի բան չկա: Դա կյանքի մի մասն է»,- ասել է դերասանուհին:
Նրա խոսքով՝ տղամարդկանց դեպքում տարիքը շահարկումների թեմա չէ:
Հարցին, թե արդյոք դժվար չէ անձնական կյանքը համատեղել մասնագիտականի հետ, դերասանուհին բացասական պատասխան է տվել:
Նրա խոսքով՝ մասնագիտության մեջ հաջողակ լինել չի նշանակում զրկվել անձնական կյանքից և երեխաներ ունենալու բերկրանքից:














