Սենսացիաներ պետք չէ սարքել. Արայիկ Հարությունյանը՝ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման մասին

16:15 • 31.10.19

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան դպրոցներում դասավանդվելու թեմային՝ նշելով, որ խոսքն այդ առարկան ընդհանրապես չդասավանդելու մասին չէ և պետք չէ դրանից սենսացիան սարքել։

«Այն ինֆորմացիան, որ հայտնվել է մամուլում, եղել է  իմ տեղակալի հարցազրույցի արդյունքում, որտեղ նա ասել է, որ մշակվում են շափորոշիչներ, առարկայացանկեր և յուրաքանչյուր առարկայի առանձին գոյության արդյունավետությունն ու նպատակներն են քննարկվում և թե ինչ ենք ուզում արդյունքում ստանալ»,– ասաց նա:

Նախարարը նշեց, որ դա նորություն չէ և որ ինքն էլ է դրա մասին հայտարարել: «Չափորոշիչներն ու առարկայացանկերը մշակող հանձնաժողովը աշխատում է, երբ առաջարկներ կանեն մենք կքննարկենք և որոշումները կկայացնենք, այդ հանձնաժողովը դեռևս ինձ հետ որևէ բան չի քննարկել»,- հավելեց նախարարը:

Արայիկ Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ պարբերաբար հանդիպումներ են ունենում թե՛ կաթողիկոսի, թե՛ եկեղեցու այլ ներկայացուցիչների հետ և քննարկում են առարկայի հարցը: «Երբ առարկայացանկերի առաջարկներ կլինեն, մենք ևս մեկ անգամ նրանց հետ կքննարկենք, խնդրում եմ սրանից սենսացիաներ չսարքենք»,- ասաց նա և հավելեց, որ առարկան շարունակվելու է դասավանդվել, և ուսումնական պլանները փոխվելու են այն ժամանակ, երբ նոր դասագրքերն ու առարկայացանկերը ներմուծվեն: Դա, ըստ նախարարի, տեղի կունենա 2023 թվականից: