Հանրության շրջանում մեռնող մասնագիտությունների նկատմամբ դեռևս հետաքրքրություն կա. Արայիկ Հարությունյան
Միջին մասնագիտություն ընտրելու որոշ ուղղություններով կա իներցիոն երևույթներ, բայց աշխատաշուկայի համապարփակ վերլուծությունը թույլ կտա հաջորդ տարի այնպիսի պատվեր իրացնել, որոնց կարիքը կլինի. «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումներին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Վատ է, որ հանրության շրջանում դեռևս կա մեռնող մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրություն, բայց մենք կողմնորոշման ծրագրեր ենք իրականացնում դպրոցներում, որ մեր աշակերտները կարողանան այնպիսի մասնագիտություն ընտրել, որ ավարտելուց հետո պահանջարկը լինելու է»,-ասաց նա:
Այդուհանդերձ, ըստ նախարարի, արդեն իսկ միջին մասնագիտական կրթության հարցում լուրջ վերանայումներ են տեղի ունեցել: «Եթե նայեք նախորդ տարվա համեմատ միջին մասնագիտական տեղերի պատվերը, կտեսնեք, որ շեշտակի փոփոխություններ են եղել, մասնավորապես, հաշվապահական, առողջապահական մասնագիտություններով, և մենք գնահատում ենք աշխատաշուկայի պատկերը և փոփոխություն իրականացնում»,-ասաց նա:
ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը Արայիկ Հարությունյանին հարցրեց, թե նախնական մասնագիտական արհեստագործական և միջին մասնագիտական ուսհաստատությունների շենքային պայմանների բարելավման ծրագրի համար հատկացված 1,5 մլրդ դրամի միայն 22 տոկոսն են կարողացել իրացնել, իսկ 2020 թ. համար 2,2 մլրդ գումար են ուզում: «Դուք անցած տարի չեք կարողանում իրացնել, ի՞նչ իմաստ ունի, որ այս տարի էլ տրամադրենք»,-ասաց նա և նշեց, որ նույնը «Ապահով դպրոց» ծրագրի դեպքում է, որը ամբողջությամբ թերակատրված է: «Ինչու ԱԺ-ն պետք է կարծի, որ 7 մլրդ դրամ նոր հատկացումը կկարողանաք ծախսել, երբ այս տարի ունեք 0 կատարողական և 50 մլն-ն չեք կարողանում ծախսել»,-հարցրեց նա:
Նախարարը հավատացրեց, որ մինչև տարեվերջ թերակատարումներ չեն լինի: Ըստ նրա՝ փոքր դպրոցների համար Քաղաքաշինության նախարարությունը նախագիծ իրականացրել է և մինչև տարեվերջ արդյունք ունենալու են: «Այսինքն՝ տարվա վերջում մենք ունենում ենք նախագծերը և կատարում ենք այդ 50 մլն-ի պարտավորությունը, տարվա սկզբում հայտարարում ենք շինարարության մրցույթները և շինարարական սեզոնի մեկնարկից սկսած՝ այդ գումարները կարողանում ենք իրացնել, այդտեղ խնդիր չունենք: Նույնը վերաբերում է քոլեջներին, որոշում կկայացվի հաջորդ շաբաթ, մի քոլեջի կհատկացնենք 400 մլն, և մինչև տարվա վերջ էլ խնդիր չենք ունենա»,-նշեց նա:










