«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հայտնել է իր նոր առաջնորդի անունը

20:50 • 31.10.19

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հաստատել է խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մահվան փաստը և հայտնել նոր ղեկավարի անունը։

Ինչպես տեղեկացնում է BBC News-ը՝ վկայակոչելով իսլամիստների կողմից վերահսկվող լրատվական աղբյուրը, ահաբեկչական կազմակերպության նոր առաջնորդ է ընտրվել Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի ալ Քուրայշին։  

Հիշեցնենք, որ ԱՄՆ հատուկ նշանակության ջոկատները հանգստյան օրերին հետևել էին ալ-Բաղդադիին, որը գտնվում էր Սիրիայի հյուսիսարևմտյան հատվածում, որից հետո հարձակում էին իրականացրել նրա թաքստոցի ուղղությամբ։  

ԻՊ-ի պարագլուխը թաքնվել էր թունելում և մահապարտի գոտու օգնությամբ պայթեցրել իրեն և երկու երեխաների։  

Ալ-Բաղդադին ահաբեկչական խմբավորման առաջնորդ էր հռչակվել 2014-ին, երբ ԻՊ-ը վերահսկողություն էր հաստատել Իրաքի և Սիրիայի տարածքների մեծ մասում։