«ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը հայելի կդառնա Երևանի, Անկարայի և Վաշինգտոնի համար». Մարկեդոնով

18:15 • 31.10.19

Ռուս հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը մեկնաբանել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված բանաձևի ընդունումը: 

«Կոմերսանտ»-ում գրած հոդվածում Մարկեդոնովը նշել է, որ առաջին հայացքից քաղաքական որևէ նորություն չկա, որովհետև այսպիսի մի բանաձև էլ կա ԱՄՆ սենատի օրակարգում: Բայց, քաղաքագետի կարծիքով, Ներկայացուցիչների պալատի կողմից բանաձևի ընդունումը հայելի կդառնա Երևանի, Անկարայի և Վաշինգտոնի արտաքին քաղաքականությունը հասկանալու համար:

Անդրադառնալով Հայաստանին՝ Մարկեդոնովը նշել է, որ անկախ ընդունված բանաձևից՝ Հայաստանը չի շեղի իր աշխարհաքաղաքական հայացքը դեպի Արևմուտք, քանի որ սերտ կապված է Ռուսաստանի հետ և հանդիսանում է ՀԱՊԿ անդամ:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից բանաձևի ընդունման մասին «խիզախ քայլ» որակմանը՝ Մարկեդոնովը նշում է, որ այդ որակումը բացատրվում է Արևմուտքի նկատմամբ Երևանի որոշակի հետաքրքրությամբ, որն ունեցել են ՀՀ բոլոր իշխանությունները, նույնիսկ Փաշինյանի սկզբունքային հակառակորդ Ռոբերտ Քոչարյանը:

Փորձագետը նշում է նաև, որ ռեսուրսներով պարտվելով Բաքվին և Անկարային՝ Երևանը փորձում է ներկայացնել իր տեսակետը միջազգային հարթակում, այնտեղ փորձել հաղթել՝ խուսափելու համար իր դեմ հետագա ագրեսիայից:

ԱՄՆ-ի մասով Մարկեդոնովը նշել է, որ Հայոց ցեղասպանության հարցն առաջին անգամ չէ, որ ամերիկյան օրակարգում է,  և այն հիմնականում փորձում են որպես զենք օգտագործել Թուրքիայի դեմ, երբ կասկածելի վարք են նկատում Անկարայի կողմից:

Իսկ Անկարան, ըստ քաղաքագետի, կարող է նշել, որ չի հանդիսանում Օսմանյան կայսրության իրավահաջորդը՝ իր վրայից պատասխանատվությունը գցելու համար: Մարկեդոնովի կարծիքով՝ Թուրքիան ոչ միայն չի ցանկանում վճարել նախկինում արածների համար, այլ նաև վախենում է սցենարի կրկնությունից, երբ հայերին, հույներին վճարելուց հետո հերթը կհասնի քրդերին: