Թվերի մեջ մանիպուլյացիա էր, ավելի լավ առաջարկ չունենք․ Արա Շիրինյանը՝ Ռոբերտ Օղլախչյանի՝ «Առաջին ալիքի» վերաբերյալ պնդումների մասին (տեսանյութ)
«ՊանԱրմ» ամերիկյան ընկերությունն, այո՛, կատարում է ծառայություն՝ ԱՄՆ-ում հեռարձակելով Հանրային հեռուստաընկերությունը. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Արա Շիրինյանը:
Անդրադառնալով ԱՄՆ-ում գործող ARTN հեռուստաընկերության տնօրեն Ռոբերտ Օղլաղչյանի հայտարարություններին, թե առանց մրցույթ հայտարարելու, չնչին գումարով ԱՄՆ-ում վերահեռարձակման իրավունք է տվել «ՊանԱրմ» մեդիահոլդինգին, Արա Շիրինյանը նշեց, որ թվերի միջև մանիպուլյացիա կար։
«Ներկայացված թվերի միջև թեթև մանիպուլյացիա կա, ավելի լավ առաջարկ մենք չունենք»,-ասաց Արա Շիրինյանը:
Նա տեղին չհամարեց այն դիտարկումը, որ վերահեռարձակման համար Հանրային հեռուստաընկերությանը շատ ավելի քիչ գումարներ են վճարվել: «Մենք այստեղ կարող էինք ավելի շատ գումար ծախսել, որպեսզի «Առաջին ալիքը» հնարավորություն ունենար ԱՄՆ-ում հեռարձակվելու»,-ասաց նա:
«Մեր խնդիրը Առաջին ալիքը Միացյալ նահանգներում հեռարձակելն է, եթե մենք ունենայինք ավելի լավ առաջարկ, կօտվեինք: Ի դեպ՝ այն պահանջները, թե ինչու մրցույթ չենք անցկացնում, իրավաչափ չեն, բիզնեսի մասին կան կանոններ, եթե մրցույթ ենք անցկացնում, գինը թանկանում է, ընդ որում՝ մի դաշտում, որտեղ սահմանափակ է: Իսկ այլ երկրում մրցույթ անցկացնելն աշխատատար է, մենք պետք է ավելի շատ փող ծախսեինք»,-ասաց նա:
Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահը նշեց, որ ունեն ամենալավ առաջարկը, որից էլ օգտվում են: «Եթե ժամանակի ընթացում կստեղծվի նոր սխեմա և հեռուստաընկերությունները կառաջարկեն, պատրաստ ենք քննարկել»,-ասաց նա:
Անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության աշխատանքին՝ Արա Շիրինյանը պնդեց, որ «վերևներից» որևէ հրահանգ չեն ստանում:
«Հանրային հեռուստաընկերությունն այս պահին առողջ հիմնարկ է»,-ասաց նա:
Հարցին, թե ինչու է Մարգարիտա Գրիգորյանը շարունակում ղեկավարել հեռուստաընկերությունը, երբ տարիներ շարունակ աշխատելով իր գործնական ֆունկցիան չի կատարել, Արա Շիրինյանը պատասխանեց, որ նա շարունակում է աշխատել, որովհետև ապահովում է այդ կառույցի բնականոն աշխատանքը և բավարար չափով արդյունքներ է ցույց տալիս: «Ես շատ գոհ եմ նրա աշխատանքից»,-ասաց նա:










