Բանակում իրական հեղափոխական գործընթացն սկսվել է դեռևս 2016-ին՝ Ապրիլյան պատերազմից հետո. Վովա Վարդանով (տեսանյութ)
Երբ Ադրբեջանը խոշոր տրամաչափի զենքերից գնդակոծում է Հայաստանի հետ սահմանը, որպես կանոն փորձում է թիրախավորել առավել հեռու տեղակայված դիրքերը, այդ գործողությունն էլ ուղղված է մեր սահմանամերձ տարածքների հայաթափմանը:
«Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր Վովա Վարդանովը. «Սահմանամերձ տարածքներն անպաշտպան են կրակային հարձակման դեմ: Խաղաղ բնակչությանը չնախապատրաստելով՝ նրան լուրջ վտանգի առջև ենք կանգնեցնում հնարավոր ռազմական ներխուժման դեպքում»:
Ըստ Վարդանովի՝ սահմանամերձ բնակչությունը պետք է դառնա սահմանապահ. «Նրանք պետք է մարզվեն, կազմակերպվեն ըստ համապատասխան ստորաբաժանումների, ինքնապաշտպանական շրջանների, զենք ստանան: Պետք է մարզել և զինել բոլորին, ովքեր ի վիճակի են ինչ-որ բան անել: Հակառակորդը մտնելու է անպաշտպան բնակչության մեջ, ինչպես եղավ 2016-ի ապրիլին Թալիշում»:
Ռազմական գործչի պնդմամբ՝ պետք է կառուցել ամուր, գրագետ, ռազմական արդյունաբերությանը միտված պետություն. «Երբ 2016-ին անօդաչու թռչող սարքերը մեզ մեծ կորուստներ հասցրին, մենք նոր միայն ասացինք՝ մենք էլ պիտի ունենանք: Մեր ունեցած «Կռունկ» ԱԹՍ-ներն ընդամենը դիտորդ են, դրանք խոցելիության աստիճան չունեն և բավական թույլ են: Ամբողջ աշխարհն այսօր գլուխը կախ հետևում է այս ոլորտում Իսրայելի մշակումներին»:
Վովա Վարդանովի կարծիքով՝ մենք ռուսական պահեստներից էժան ինքնաձիգներ կարող ենք գնել՝ նրանց հետ համատեղ արտադրություն սկսելու փոխարեն:
Հետախույզի պնդմամբ՝ ապրիլյան պատերազմը մեզ համար հաղթանակ էր, մենք շահեցինք, որ ամեն ինչ հինգ օրով ավարտվեց. «Հակառակորդը ցույց տվեց իր հնարավորությունները, բանակի զարգացումը, մեզ՝ մեր թերացումներն ու սխալները: Բանակում իրական հեղափոխական գործընթացն սկսվել է դեռևս 2016-ին՝ Ապրիլյան պատերազմից հետո»:
Ըստ Վարդանովի՝ բանակում ռեգրեսիվ, անցյալի նայող գեներալներին ու սպաներին վաղուց էր պետք հեռացնել. «Փոխարինող երիտասարդությունն էլ, ցավոք, հաճախ օտար պետության, այս դեպքում՝ Ռուսաստանի ազդեցության տակ է: Նրանց ուղարկում են ՌԴ՝ բարձրագույն սպայական դասընթացների, և նրանք դառնում են այլ երկրի ազդեցության գործակալ»:
«Հայաստանի անվտանգության առաջնային սպառնալիքը Թուրքիայի հնարավոր անսպասելի հարձակումն է, այդ դեպքում ռուսական ռազմաբազան կարող է և չդիմադրել, հետ քաշվելու հրաման ստանալ: Ցավոք, մենք ռեսուրսներ չենք կուտակել հայ-թուրքական սահմանը պահելու համար»,- ամփոփել է Վովա Վարդանովը:
Դավիթ Սարգսյան










