Միխայիլ Գալուստյանը հրաժարվել է մեկնաբանել իր մասնակցությունը Եկատերինբուրգում տաճարի կառուցման շուրջ ստեղծված սկանդալին

18:30 • 03.11.19

Դերասան Միխայիլ Գալուստյանը չի մեկնաբանել իր մասնակցությունը Եկատերինբուրգի պուրակի տեղում եկեղեցու կառուցման շուրջ բարձրացած սկանդալին: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Գալուստյանի ներկայացուցիչ Անաստասիա Ջուսին:

«Միխայիլն այս պահին չի մեկնաբանի այդ հարցը», - ասել է Ջուսը` պատասխանելով հարցին, թե արդյոք Գալուստյանին գումար են առաջարկել տաճարի կառուցմանն աջակցելու համար:

Նոյեմբերին ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուս երգիծաբան Սերգեյ Սվետլակովին ֆինանսական պարգևատրում էին առաջարկել տաճարի կառուցման շուրջ ստեղծված հակամարտությունում կողմերից մեկին աջակցելու համար: Սվետլակովը նշել է, որ հրաժարվել է որևէ մեկին աջակցելուց:

Գալուստյանն, իր հերթին, այս տարվա մարտին մասնակցել էր տաճարի շինարարության համար արված հանրային աղոթքին՝ այդպիսով աջակցելով եկետերինբուրգյան իշխանությունների դիրքորոշմանը: Ակցիային մասնակցել էին նաև դերասաններ Սերգեյ Բեզռուկովը, Միխայիլ Պորեչենկովը և ևս 8000 մարդ: Միևնույն ժամանակ Գալուստյանը հրաժարվել էր մեկնաբանություն տալ տեսախցիկի առաջ:

Տաճարը սկզբնապես նախատեսվում էր կանգնեցնել Եկատերինբուրգի կենտրոնի կանաչ գոտում, որը ցույցերի պատճառ էր դարձել: Ավելի ուշ շինարարությունը դադարեցվել էր: Քաղաքում նոր վայրի մասին հարցում է իրականացվել, որի մասնակիցների 60 տոկոսը կողմ է արտահայտվել տաճարը նախկին գործարանի տեղում կառուցելուն:

Միխայիլ Գալուստյանը հրաժարվել է մեկնաբանել իր մասնակցությունը Եկատերինբուրգում տաճարի կառուցման շուրջ ստեղծված սկանդալին