Յուրի Հովհաննիսյանը դարձել է Դեմիդովի հեղինակավոր մրցանակի դափնեկիր
Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, մեծանուն գիտնական, ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը դարձել է գիտության ոլորտում ռուսական ամենահեղինակավոր մրցանակներից մեկի՝ Դեմիդովի մրցանակի դափնեկիր:
Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ Հովհաննիսյանը մրցանակի է արժանացել «նոր քիմիական տարրերի հայտնաբերման գործում նշանակալի ավանդի համար»:
Հովհաննիսյանը մասնագիտանում է փորձարարական միջուկային ֆիզիկայի, սինթեզի և Մենդելեևի պարբերական աղյուսակի նոր տարրերի ուսումնասիրության ոլորտում: Նրա ղեկավարությամբ 2000-2010 թվականներին գիտնականները գերծանր տարրերի շարք են բացահայտել: Նրա պատվին Մենդելեևի աղյուսակի 118-րդ տարրն անվանվել է «օգանեսոն»:
Դեմիդովի մրցանակի դափնեկիրներին հանձնվում է վկայական, ոսկե մեդալ՝ ինքնատիպ տուփով և 1 մլն ռուբլի գումար:










