Վերջին 1 տարում իմ դեմ ուղղորդված արշավ է եղել, իսկ բողոքի ակցիաներ իրականացնող նախկին աշխատակիցներին ուղղակի օգտագործել են. Կենդանաբանական այգու նախկին տնօրեն (տեսանյութ)
Որպեսզի Տավուշի մարզում փաստարկվի հովազի առկայությունը, տեղադրվել են թակարդ-տեսախցիկներ, որոնցով պարզ կլինի՝ ինչ հովազ է, խնդրահարույց հովազ է, թե ոչ: Շատ-շատ հարցեր կան, որոնք միայն ուսումնասիրությունից հետո պարզ կդառնան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի կենդանաբանական այգու նախկին տնօրեն, «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ այդ տարածաշրջանում վերջին 30-40 տարվա ընթացքում չի եղել նախադեպ, որ ֆիքսվի հովազի հետք: «Տեղանքը հրաշալի համապատասխանում է հովազի կենսամիջավայրին: Հովազը վտանգ չի ներկայացնում հարակից տարածքի բնակիչների համար, ուղղակի լուրջ աշխատանք պետք է տանել նրանց հետ: Հովազը ոչ թե լուրջ խնդիր է տարածաշրջանի համար, այլ լուրջ հնարավորություն՝ աշխարհի կենտրոնում հայտնվելու»,- հայտնեց նա:
Ռուբեն Խաչատրյանի տեղեկացմամբ՝ Հայաստանի ամբողջ տարածքում հովազների թիվը չի գերազանցում 10-ը:
Հիշեցնենք, որ օրերս Ենոքավանի անտառների հարակից տարածքում քաղաքացու վրա, ըստ նախնական տեղեկությունների, հովազի հարձակվելու դեպք է գրանցվել: Քաղաքացին հարձակումից հետո վերականգնվում է Իջևանի բժշկական կենտրոնում:
Ռուբեն Խաչատրյանը նոյեմբերի 1-ին հրաժարական էր տվել Երևանի կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնից: Նրա հրաժարականին նախորդել էր 2 օրվա ընթացքում շների ոհմակի հարձակման հետևանքով 3 կենգուրուի և 3 մուֆլոնի անկման դեպքերը: Այս դեպքի համար մեղադրանքներ էին հնչում այգու ղեկավարության հասցեին, որ այն ցանկապատ չի ունեցել:
«Եթե ես 8 տարիների ընթացքում չեմ կարողացել ցանկապատել, Կենդանաբանական այգին արդեն 80 տարեկան է և այդ 80 տարիների ընթացքում, ցավոք սրտի, երբևիցե չի ունեցել ցանկապատ: Իմ ղեկավարման տարիներին կարող եմ ասել որոնք են եղել ի նպաստ, որպեսզի կարողանանք այդ ցանկապատը ունենալ: Ինչպես գիտեք, տարածքները զավթված էին տարբեր անհատների կողմից: Շատ բարդություններով, դատական պրոցեսներով կարողացանք 3 տարվա ընթացքում ազատել այդ տարածքները: Ես կարողացել եմ հասնել նրան, որ սահմանների ճշգրտումներ արվեն. դրանք ընդլայնվել են, եթե ժամանակին 39 հա մասին էինք խոսում, այսօր 46 հա հստակ սահմանագծեր կա»,- ասաց Ռուբեն Խաչատրյանը:
Կենդանաբանական այգու նախկին տնօրենի խոսքով՝ իր դեմ վերջին մեկ տարվա ընթացքում ուղղորդված արշավ է եղել: Ըստ նրա՝ Կենդանաբանական այգու գործունեության դեմ բողոքի ակցիաներ իրականացնող այգու նախկին աշխատակիցներին ուղղակի օգտագործել են:
«Պատճառը ոչ թե իմ անձի մեջ էր, այլ գաղափարախոսությունների կռիվ էր: Այն մարդիկ, ովքեր այլ կերպ են պատկերացնում կենդանաբանական այգիների էությունը՝ դա բիզնես հնարավորություն է, թե գիտական կենտրոն է: Ես, իմ թիմը դեմ է եղել կենդանիների որևէ տեսակի առք ու վաճառքին»,- ասաց նա:
Մինչդեռ, այգում տարբեր կենդանիների պարբերաբար անկումները շատերը կապում էին կենդանիների առք ու վաճառքի հետ. «Շատ ինֆորմացիաներ սխալ մեկնաբանությունների, սխալ ներկայացման արդյունքում է ձևավորվել»,- մեկնաբանելով իր հասցեին մեղադրանքներն ասաց Ռուբեն Խաչատրյանը:
Կենդանաբանական այգու նախկին տնօրենի պաշտոնավարման 8 տարիների ընթացքում, ըստ բողոքի ակցիա իրականացնողների՝ 70 տեսակի կենդանի է վերացել Կենդանաբանական այգուց:
«Տեսակները, որոնք այդքան շեշտադրվում են, հենց իմ պաշտոնավարման սկզբից տարեց տարի պարզվում էր, որ այդ տեսակները վաղուց չկային, ուղղակի դուրս չէին գրվել: Մինչև 2015 թ.-ը եկել, հասել են, որպեսզի շատ անկումներ ցույց չտան: Դրանց մեջ են մտել այն տեսակները, որոնք կերակուր էին հանդիսանում մյուս կենդանիների համար: Ինչ վերաբերում է ընդհանրապես տեսակների նվազմանը, Կենդանաբանական այգու տեսական կազմը շատ ծերացած և տխուր կենդանիների կազմ է եղել, որպես ժառանգություն՝ շատ տխուր է եղել:
Կենդանաբանական այգու լավ աշխատանքի ցուցանիշը որոշվում է ոչ թե տեսականու կազմով՝ շատ կամ քիչ, այլ թե ինչպիսի պայմաններ ես կարողանում ապահովել կենդանիների համար: Կենդանաբանական այգին ոչ թե պետք է հպարտանա, որ շատ տեսակներ ունի, դա սովետական հին մտածողություն է, այլ թե շատ քիչ տեսականի կազմով ինչ հնարավորություն և միջավայր է ստեղծում կենդանիների համար, որպեսզի այդ կենդանիներն իրենց լավ զգան, առողջ լինեն»,- նշեց Ռուբեն Խաչատրյանը:
Չնայած հրաժարականին, Կենդանաբանական այգու նախկին տնօրենը հայտնեց, որ շարունակում է համագործակցել քաղաքային իշխանությունների հետ:










