«Սառցե սիրտը 2» մուլտֆիլմը ցուցադրության առաջին օրը համաշխարհային կինովարձույթում ռեկորդներ է գրանցել (լուսանկարներ, տեսանյութեր)
Walt Disney Animation Studios ստուդիայի կողմից 2019 թվականին թողարկված «Սառցե սիրտը 2» մուլտֆիլմը ցուցադրության առաջին օրը՝ երեկ, համաշխարհային կինովարձույթում ռեկորդներ է գրանցել՝ 26 երկրում ընդհանուր հավաքելով ավելի քան 16,6 մլն դոլար, գրում է Daily Mail-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ մուլտֆիլմն իր համաշխարհային պրեմիերայի օրը՝ նոյեմբերի 22-ին, ցուցադրվել է Հրվ. Կորեայի, Ինդոնեզիայի, Թուրքիայի, Ֆիլիպինների, Մալայզիայի, ԱՄԷ-ի և մի շարք այլ երկրների կինոթատրոններում:
Ֆրանսիայում Disney-ի նոր անիմացիոն ֆիլմը ցուցադրության առաջին օրը 2,6 մլն դոլարով դրամարկղային եկամուտների ռեկորդ է սահմանել:
Ամենամեծ ռեկորդը, ըստ հաղորդման, սահմանվել է Չինաստանում՝ ավելի քան 11,4 մլն դոլար:
«Սառցե սիրտը 2»-ը դրամարկղային մուտքերի առումով ռեկորդներ է սահմանել նաև Բելգիայում, Նիդեռլանդներում, Սինգապուրում և Թաիլանդում:
Մուլտֆիլմը հնչյունավորել են Իդինա Մենզելը, Քրիսթեն Բելը, Ջոշ Գադը, Էվան Ռեյչել Վուդը, Ջոնաթան Գրոֆը և ուրիշներ:
«Սառցե սիրտը 2»-ում երիտասարդ թագուհի Էլիզան շարունակում է բացահայտել իր գերունակությունները: Բազմաթիվ փորձություններից հետո թագավորությունում երկար սպասված անդորրից հետո Էլիզան և Աննան բախվում են նոր խոչընդոտների՝ բացահայտելով իրենց ծնողների մահվան դաժան մանրամասները և Էլզայի արտասովոր ունակությունների գաղտնիքը։













