Նա գինու նման է՝ որքան հնանում է, այնքան ավելի լավն է դառնում. «Ինտերի» ավագը՝ Մխիթարյանի մասին

15:39 • 22.10.26

Միլանի «Ինտերի» ավագ Նիկոլո Բարելան ամփոփել է Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 3-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորի» նկատմամբ տոնած դրամատիկ հաղթանակը (1-0)՝ առանձնահատուկ գովեստի խոսքեր շռայլելով թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին։

Պատասխանելով այն հարցին, թե կա՞ արդյոք համապատասխան բառ հայ կիսապաշտպանին նկարագրելու համար, Բարելան նրան համեմատել է գինու հետ՝ ընդգծելով թիմակցի կարևորությունը։

«Մեր մոտեցումը պետք է բարելավվի, մենք պետք է ավելի ագրեսիվ և կենտրոնացած լինենք, քանի որ, հատկապես Չեմպիոնների լիգայում, կարող ես մի ակնթարթում հետ մնալ։ Մխիթարյա՞նը․ նա գինու նման է, որքան հնանում է, այնքան ավելի լավն է դառնում։ Ես կարող եմ միայն շնորհակալություն հայտնել նրան։ Նա սովոր էր մեկնարկային կազմում խաղալ, իսկ հիմա այլևս միշտ չէ, որ այդպես է, սակայն նա մշտապես ամբողջ ուժով է հանդես գալիս, երբ դուրս է գալիս խաղադաշտ»,- իտալացի կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում Tuttomercatoweb-ը։

Հիշեցնենք, որ «Շախտյորի» դեմ հանդիպման երկրորդ խաղակեսում 10 հոգով մնացած «Ինտերը» հաղթանակ էր կորզել հենց փոխարինման մտած Հենրիխ Մխիթարյանի դիպուկ գոլային փոխանցման շնորհիվ, որն արդյունավետորեն եզրափակել էր բրազիլացի Կառլոս Աուգուստոն։