Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ բացատություններ տալու

21:56 • 29.11.19

Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ բացատություններ տալու Էրդողանի հայտարարությունների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է iz.ru կայքը:

«Եկեք անկեղծ խոսենք, դա ոչ թե արտահայտություն էր, այլ վիրավորանք»,-ԱԳՆ-ում ասել են թուրք դեսպանին:

Tert.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունն այն մասին, որ «ՆԱՏՕ-ի ուղեղը մահացել է» և ասել. «Հարգելի Մակրոն, դու սկզբից քո ուղեղը ստուգիր, որովհետև այդպիսի հայտարարությունները վայել են այնպիսի մարդկանց, որոնց ուղեղը քո ուղեղի նման մահացած է»:

Հիշեցնենք, որ The Economist-ին տված հարցազրույցում ֆրանսիացի առաջնորդն ընդգծել էր ԱՄՆ-ի ձախողումը ՆԱՏՕ-ի հետ բանակցելու հարցում՝ նախքան Սիրիայի հյուսիսից զորքերի դուրսբերումը: Նա հարցականի տակ էր դրել ՆԱՏՕ-ի հավատարմությունը հավաքական անվտանգությանը և ասել, որ «ՆԱՏՕ-ի ուղեղը մահացել է»: